Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-10-2019
Հեռուստատեսային արտադրանքներ և ֆիլմեր, որոնք քարոզում են բարեփոխել աշխարհը մարդասիրությամբ
«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթարոնում ցուցադրվեցին մի շարք ֆիլմեր:

Փառատոնը անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում: IHTFF-ի (The impact humanity television and film festival) նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը համընդհանուր մարդասիրական ճգնաժամի հետ կապված խնդիրների, ինչպես նաև մարդկանց փրկելու գործողությունների վերաբերյալ, որոնք ներկայացվում են հեռուստածրագրերի, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի միջոցով: Փառատոնի միջոցով փորձ է արվել գտնել հեռուստատեսային այնպիսի ծրագրեր և ֆիլեր, որոնք առնչվում են և լավագույնս ներկայացնում են  մարդասիրական հիմնարար խնդիրները: IHTFF-ի շրջանակում Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին հետևյալ ֆիլմերը, որոնցից մի քանիսը հաղթող են ճանաչվել սահմանված անվանակարգերում:

«Լավագույն հեռուստաշարք» անվանակարգի հաղթող է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած»-ը:  Ռեժսորն է Յոհան Մոթելսոն (Քենիա): «Գետոյում ծնված և մեծացած»-ը երեք մասից բաղկացած վավերագրական հաղորդաշար է, որը աֆրիկյան խուլ քաղաքների ետնախորշերի կյանքի մասին է: Յուրաքանչյուր ֆիլմ պատկերում է մեկ թաղամաս՝ կենտրոնանալով քաղաքային բնութագրի, ճարտարապետության, մշակույթի և առօրյա կյանքի վրա: Հեռուստաշարքի 1 մասի  տևողությունն է 23 րոպե:

«Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգի հաղթող ճանաչվել է «Ամարայկա» ֆիլմը: Ռեժիսորն է Թիմ Սփարքսը (ԱՄՆ): Ֆիլմում անօրինական ներգաղթյալ Ռոբերտոն փորձում է օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում։ Նրա ջանքերը խափանվում են, երբ նա հայր է դառնում՝ ԱՄՆ կառավարության որդեգրած «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականության պայմաններում և բախվում է երեխաների տարանջատման պրակտիկայի հետ։ Ֆիլմի տևողությունն է 94 րոպե:

«Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Ուխտասար»-ը: Ռեժիսորն է Խավիեր Չակոն (Վենեսուելա): Ֆիլմում ներկայացված է ամփոփ հայացք Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր և ամենամեծ գետոներից մեկում ապրող երեխաների կյանքին և երազանքներին։ Տևողությունը՝ 8 րոպե:

«Լավագույն հատուկ ռեպորտաժ» անվանակարգի հաղթողն է «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր»-ը: Ռեժիսորն է Քամիել Ցվարտ (Նիդեռլանդներ): Հեղինակը փորձում է հասկանալ, թե ինչը կարող է պատասխան լինել ահաբեկչության աճող վախին, որը պարուրում է Եվրոպան, և ինչպես կարող է նա՝ նորաթուխ հայրը, կանխել սեփական վախի փոխանցումը նորածին որդուն: «Ահաբեկչություն, վախի աղբյուր»-ը վավերագրական ֆիլմ է, որը նոր լույս է սփռում աճող վախի մշակույթի վրա հանրության մեջ։ Ռեպորտաժի տևողությունը՝ 60րոպե:

Իսկ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Բուրկինաբեի վերելքը․ դիմադրության արվեստը Բուրկինա Ֆասոյում» ֆիլմը, որի ռեժիսորն է Յարա Լին (Բուրկինա Ֆասո):  Բուրկինա Ֆասոն Արևմտյան Աֆրիկայում գտնվող փոքր երկիր է։ Այստեղ արվեստագետների, երաժիշտների և ակտիվ քաղաքացիների կենսունակ համայնք է ձևավորվել, որը կրում է Թոմաս Սանկարայի հեղափոխական ոգին։ Սանկարան սպանվել է իր ընկերոջ և խորհրդական Բլեզ Կոմպորեի կոմից, որն այնուհետև 27 տարի ղեկավարել է երկիրը՝ մինչ ժողովրդական զանգվածային ապստամբությունը հանգեցրել է նրա հեռացմանը: Այսօր դիմադրության և քաղաքական փոփոխությունների ոգին ավելի հզոր է, քան երբևէ, և այն թափանցում է Բուրկինաբեի կյանքի յուրաքանչյուր ոլորտ: Այն ոգեշնչման աղբյուր է ոչ միայն Աֆրիկայի, այլև ամբողջ աշխարհի համար: Ֆիլմի տևողությունը 72 րոպե է:

Փառատոնի ընթացքում կազմակերպվեցին նաև հատուկ ցուցադրություններ և մրցույթից դուրս ֆիլմերի ցուցադրություններ: Հատուկ ցուցադրությունների շարքում էր նաև  ռեժիսոր Քենեթ Կարլսոնի «Նուբայի սիրտը»: Ֆիլմը 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինայի մասնակցությամբ է: «Նուբայի սիրտը» պատմություն է ամերիկացի կաթոլիկ բժիշկ Թոմ Քաթինայի մասին, ով անձնուրաց ծառայում է Սուդանի` պատերազմից ավիրված Նուբա լեռներում բնակվող մոռացված մարդկանց։ Լիամետրաժ վավերագրական ֆիլմը բառացիորեն ոգեշնչել է շարժում, որը միտված է փրկել կյանքեր։ Ֆիլմի ժողովրդականությունը ճնշում է գործադրել Սուդանի նախագահ, ռազմական հանցագործ Օմար Հասան ալ Բաշիրի վրա։ Դիտելով «Նուբայի սիրտը»՝ նա հայտարարել է. ««Նուբայի սիրտը» Նուբայի լեռներում և Կապույտ Նեղոս նահանգում հրադադարի հիմնական պատճառն է»։

Հիշեցնենք, որ փառատոնին ներկայացվել են ավելի քան 2000 աշխատանքներ, որոնցից ընտրվել են 5 լավագույնները: