Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 17-10-2019
Երևանում կայացավ «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնը
«Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվում է «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնը:

Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 15-ին կայացավ IHTFFհամաժողով: Համաժողովի ընթացքում  քննարկվող հիմնական թեմաներն էին՝ ինչպես Հայաստան բերել խոշոր հեռուստա և կինոարտադրողներին, և  ինչպես արտահանել սեփական արտադրանքը: Այս միջոցառումը մասնագիտական քննարկման հարթակ է, որին մասնակցում են հայաստանյան կինոգործիչներ, հեռուստատեսության ոլորտի մասնագետներ։



Ելույթներով հանդես եկան ռեժիսոր, պրոդյուսեր, «Associated Television International» ընկերության հիմնադիր Դեյվիդ ՄկՔենզին (ԱՄՆ), պրոդյուսեր, ռեժիսոր, «Bitz Films»-ի նախագահ Սերգեյ Սարկիսովը  (Ռուսաստան), «POPSTAR!» հեռուստաալիքի փոխնախագահ Ջեյքոբ Մեյբերին (ԱՄՆ) և «Academy Films» ընկերության տնօրեն Արամ Թորոսյանը:

IHTFFհամաժողովի համակազմակերպիչ «Academy Films» ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերության ղեկավար Արամ Թորոսյանը Eritasard.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ թեև ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպումներ իրականացվում են, այնուամենայնիվ համաժողովից հետո ավելի անմիջական, աշխատանքային քննարկումները կծավալվեն և համաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները հետևողականորեն կիրականացվեն:



«Ավելի խորը համագործակցություն պիտի ստեղծենք մեկս մյուսի հետ: Բոլորը առանձնապես  բավականին տաղանդավոր մադիկ են, ոլորտում ներգրաված են, աշխատասեր, բայց մի հոգին ոչինչ չի կարող անել: Մենք  պետք է շատ լավ ներկայացնենք մեր միասնական և համախմբած ներուժը արտասահմանյան գործընկերներին, և միայն հետո արդեն կունենանք հետաքրքրված մարդիկ, որոնց բոլորին աշխատանք կհերիքի»,- ասաց Թորոսյանը: 

«POPSTAR!» հեռուստաալիքի փոխնախագահ Ջեյքոբ Մեյբերին հայ դերասանների մասնակցությամբ Հայաստանում արդեն երկու հեռուստասերիալ է նկարահանել։ Առաջին հեռուստասերիալը՝ «Չարքի հպումը» արդեն հասանելի է, իսկ  երկրորդը սպասվում է շուտով: 



«Հայ դերասաններից մի քանիսն ընդգրկված են մեր նախագծերում, նրանք լավ տիրապետում են անգլերենին, չնայած խոսում են մի փոքր ակցենտով։ Դա ամերիկյան հանդիսատեսին չի խանգարի, քանի որ, ըստ նախագծերի սցենարների` սերիալներում իրադարձությունները տեղի են ունենում արտասահմանում  և հայ դերասանները հանդես են գալիս, որպես արտասահմանցի»,- նշեց  Մեյբերին։

Փառատոնին ներկայացվել են ավելի քան 2000 աշխատանքներ, որոնցից ընտրվել են 5 լավագույնները: Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Բարեփոխելով աշխարհը» միջազգային կինոփառատոնի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին ֆիլմերը և հեռուստահաղորդաշարերից մասեր: