Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-10-2019
Հայալեզու սպորտային գրականությունը համալրվեց ևս մի բեսթսելլերով
«Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքն արդեն հասանելի է հայ ֆուտբոլասերներին:

Սպորտային այս բեսթսելլերը հրատարակել է newmag-ը:

Յուրի Ջորկաեֆը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկանում։ 22 տարվա ֆուտբոլային կարիերայի լավագույն պահերը Ջորկաեֆն ապրել է Ֆրանսիական ազգային հավաքականի հետ։ Կապույտների կազմում նա 1998–ին դարձել է աշխարհի, 2000–ին՝ Եվրոպայի չեմպիոն։ Կարիերան ավարտել է 2006–ին։ 

Գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին ֆրանսերեն: Գրքի հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով: Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ և ինչու է ստացել SNAKE մականունը:

Գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: Խոսելով Յուրի Ջորկաեֆի մասին՝ դեսպանն ասաց, որ նա աշխարհի չեմպիոն է, մարդ, ով արժանացել է ֆրանսիական Պատվո Լեգեոնի շքանշանի ու ևս մեկ օրինակ, թե ինչպիսի կապեր կան Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ «Ինքս դեռ չեմ կարդացել գիրքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «newmag» հրատարակչությանը, որ հայերենով հասանելի է դարձնում ֆրանսերեն գրքերը»,- նշեց դեսպանը։

Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Հայաստանը նա համարում է իր երկրորդ հայրենիքը, իրեն կոչում հայ-ֆրանսիական ֆուտբոլի դեսպան։ 

«Newmag»-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ գիրքը գրված է առաջին դեմքից, ի տարբերություն Ռոնալդուի, Մեսսիի, Նեյմարիի մասին պատմող գրքերի. « Այս գրքում արդեն կարիերան ավարտած ֆուտբոլիստի հուշերն են, որտեղ նա ի վիճակի է լինել շատ ավելի ազնիվ»։

Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն և Ժան Ջորկաեֆը: Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։

Գիրքն արդեն հասանելի է գրախանութներում: