Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-10-2019
«Ազնավուր»՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի
«Համազգային» թատրոնի բեմում սեպտեմբերի 30-ին պրեմիերա էր: Թատերասերների դատին հանձնվեց լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին նվիրված «Ազնավուր» համերգ-ներկայացումը: Այն ամփոփում է Ազնավուրի կյանքի հետաքրքրական դրվագները` վայրէջքներն ու վերելքները, արկածներով, դժվարություններով անցած ուղին:

Արտիստի հիշատակին նվիրված բեմականացման հեղինակը դերասանուհի Ալլա Սահակյանն էր, ով ընդգծեց, որ Ազնավուրի գրքերից հավաքած տեղեկությունները, գեղեցիկ հատվածները համադրելով կառուցել են  ներկայացումը: «Պատմելով այն դժվարությունների մասին, որոնց Ազնավուրը բախվել է կյանքում` շեշտում ենք, որ, եթե հավատում ես ինքդ քեզ, քո արվեստին, եթե զգում ես, որ տաղանդավոր ես, աշխատասեր, կարող ես հասնել հաջողությունների»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ալլա Սահակյանը:

Ներկայացմանը հանդես եկան դերասաններ Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Նարեկ Բաղդասարյանը: Ներկայացման ամբողջ ընթացքում բեմում արտիստներին նվագակցեց հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր ջազ քառյակով:
Երկու գործողությամբ համերգ-ներկայացման պարերը բեմադրել է Ինեսա Արձաքանցյանը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը  ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։  2009թ.-ի մայիսի 4-ից Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ.-ի մայիսի 5-ից Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է: Լեգենդար հայը կյաքից հեռացավ 94 տարեկանում, 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին:

Պատկերասրահ՝ Շառլ Ազնավուրին նվիրված «Ազնավուր» համերգ-ներկայացումը