Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-10-2019
9 պարային կոլեկտիվ մեկ բեմում
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ) կկայանա «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը։



Երեկ տեղի ունեցած ասուլիսին մասնակցեցին Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը և «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամի նախագահ Սամվել Հարոյանը։

«Բազմաթիվ ուժեղ կոլեկտիվներ ունենք, որոնք տարվա ընթացքում հրաշալի գործ են անում, բայց ո՞վ գիտի նրանց մասին: Ուրեմն՝ հարկավոր է հասարակական կարծիք ձևավորել նաև մրցանակաբաշխության շնորհիվ»,- նշեց Կ.Գեւորգյանը հավելելով, որ այսօր մեծ տարածում են գտել պարային անորակ խմբերն ու անարժեք մրցանակաները, այս մրցանակաբաշխությունը կմաքրի դաշտը։ 



«ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամի նախագահ Սամվել Հարոյանն էլ ընդգծեց, որ մրցանակաբաշխության շնորհիվ որակական խնդիրներ կդրվեն  պարախմբերի առջև:  «Յուրաքանչյուր պարախումբ պետք է ձգտի ստանալ առաջին ու կարևոր մրցանակը, իսկ դրա համար պետք է լավ աշխատի, ճիշտ երաժշտություն, համապատասխան  տարազ ընտրի»:

Մշակութային գործիչ Սամվել Հարոյանն էլ նշեց, որ հարկավոր է միջոցառմանն ընդգրկել որքան հնարավոր է շատ պարախմբեր Հայաստանից եւ սփյուռքից. «Մրցանակաբաշխությունը կխթանի այն բանին, որ պարախմբերի առջև որակական չափանիշներ կդրվեն»։



Այս տարի մրցանակաբաշխության մասնակիցներն են՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը,Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն»պետական անսամբլը, Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը, ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլը, Արցախի պարի պետական անսամբլը, Խ.Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը։

Հավելենք,որ միջոցառումն իրականացվում է ԳԿՄՍ նախարարության աջակցությամբ։