Նյութը՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանից
Լուսանկարները՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանից
Տեղադրվել է 29-09-2019
Լեոնիդ Սպենդիարովի անվ. երկրաբանական մրցանակի հաղթարշավն աշխարհում
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 28-ին անցկացվեց ցերեկույթ «Լեոնիդ Սպենդիարովի անվ. երկրաբանական մրցանակի հաղթարշավն աշխարհում» խորագրով։

Միջոցառումը  նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտորի ավագ եղբոր՝ համաշխարհային ճանաչում վայելող երկրաբան Լեոնիդ Սպենդիարովի ծննդյան 150-ամյա հոբելյանին:  Միջոցառումն իրականացվեց Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի և ՀՀԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվ. երկրաբանական թանգարանի համագործակցությամբ: 

Լ. Սպենդիարովը ներկայացվեց տարբեր կողմերից՝ որպես արտառոց տաղանդի տեր գիտնական, խարիզմատիկ անհատ, շնորհալի թավջութակահար և երգիչ՝ քնարական տենոր: Սպենդիարովների ընտանիքի ավագ որդու կյանքի կարճատև, ողբերգական ավարտով, բայց փայլուն ուղուն էր նվիրված տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի զեկույցը: Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանն էլ անդրադարձավ Լեոնիդի մասնագիտական ոլորտին, մասնավորապես՝ նրա անվան երկրաբանական միջազգային մրցույթի պատմությանը, աշխարհագրությանը և բոլոր մրցանակակիրներին: Ի դեպ, այս մրցանակը շնորհվում է 1900 թվականից և ընդգրկում է լավագույն մասնագետներին բոլոր մայրցամաքներից: 

Լ. Սպենդիարովի երաժշտական հետաքրքրությունները նույնպես արտացոլվեցին միջոցառմանը. Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Սարգիս Աղամալյանը (տենոր) Հասմիկ Անտոնյանի նվագակցությամբ կատարեց Լեոնիդի երգացանկում տեղ գտած ստեղծագործություններից երկուսը՝ Տուրիդուի «Օ, Լոլա» երգը Պ. Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայից և Ա. Սպենդիարյանի «Այ, վարդ» ռոմանսը:    

Նվիրումը Սպենդիարովների ընտանիքի տաղանդաշատ զավակին նշանավորվեց «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում: