Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-09-2019
Կայացավ ԵՊՀ 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսություն
Սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ԵՊՀ 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսություն:

ԵՊՀ-ից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն համալսարանականները հասել էին քայլերթով: Քայլերթին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ, գիտխորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետներից ուսանողներ:

Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց ՀՀ և ԵՊՀ օրհներգերով: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ողջունեց ներկաներին և շնորհավերց համալսարանականներին ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ: 

«Ես ուզում եմ, որ մեր տոնական տրամադրության առանցքում լինի երախտագիտության վեհ զգացումը՝ ուղղված համալսարանի հիմնադրումը նախաձեռնողներին և իրականացնողներին, այն կերտողներին և զարգացնողներին, բոլոր նրանց, ում տքնանքի ու նվիրումի շնորհիվ արդեն մեկ դար արարման իր ուղին դեպի վեր է տանում հայոց համալսարանը, բոլոր նրանց, ում համար և՛ այսօր, և՛ նախկինում պատիվ ու հպարտություն է «համալսարանական» կոչումը: Հարկ է երախտապարտ լինել մեկդարյա ընթացքի բոլոր փուլերում հետք թողած ուսանողներին, դասախոսներին, գիտնականներին, ղեկավարներին, կազմակերպիչներին, բոլոր-բոլոր համալսարանականներին»,- նշեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: 

Նա հիշատակեց համալսարանական երախտավորներից մի քանիսի անունները, հակիրճ ներկայացրեց ԵՊՀ-ի պատմությունը՝ հիմնադրումից մինչ մեր օրերը՝ կարևորելով, որ համալսարանի հաջողություններն առաջին հերթին պայմանավորած են որակյալ մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի գործունեությամբ:

Այնուհետև ներկաներին ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանի պետական համալսարան հիմնելու մասին որոշումը դարձավ մեր կարճակյաց Առաջին հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններից մեկը: Իրադարձություն, որը մեր ժողովրդի հետագա կյանքում պետք է ունենար հսկայական նշանակություն:

«Երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են գործ ունեցել ԵՊՀ-ի հետ, կամ, ավելի ճիշտ, ինչ անուններ են կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում՝ Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, Գրիգոր Ղափանցյան և այսպես շարունակ»,- կարևորեց Փաշինյանը:

ԵՊՀ հարյուրամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիման: Վերջինս բարեմաղթանքներ հղեց ԵՊՀ-ին, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին: Նաև նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակի տոնակատարությանը մասնակցելը:

Պաշտոնական հատվածից հետո տոնական համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյան և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան։ Հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Տիգրան Չուհաճեանի, Բարսեղ Կանաչյանի, Պիետր Մասկանի ստեղծագործությունները: Ելույթ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը:

Պատկերասրահ՝ ԵՊՀ 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսություն