Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 27-09-2019
Ինտերակտիվ գիտափորձերի ցուցադրություն ԵՊՀ-ում
Սեպտեմբերի 25-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ ինտերակտիվ գիտափորձերի ցուցադրություն՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին, ԵՊՀ 100-ամյակին և Ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին:



Միջոցառումը կազմակերպել էին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Ֆիզիկայի ինստիտուտ) և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Ինտերակտիվ գիտափորձերին մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ, մայրաքաղաքի և հանրապետության մի շարք դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ: Գիտափորձերը կատարվեցին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականների և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների կողմից:



Երանուհի Ղանդիլյան Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող է: Նա կարևոր է համարում, որ ինտերակտիվ գիտափորձերի ցուցադությունը կազմակերպվեց հենց այս հոբելյանների առթիվ: 



«Մենք ներկայացնում ենք մեր ինստիտուտը: Այստեղ ցուցադրում ենք գիտափորձեր, որոնք կհետաքրքրեն թե՛ երեխաներին, թե՛ դպրոցականներին, թե՛ ուսանողներին և թե՛ մեծահասակներին: Նկատում եմ՝ բավականին բարձր է հետաքրքրությունը: Մարդիկ գալիս են, ուսումնասիրում, հարցեր տալիս: Թվում է, որ, օրինակ, հին, խորհրդային սարքավորումները պիտի չհետաքրքրեն երիտասարդներին,  բայց տեսնում ենք, որ գալիս են, շատ լուրջ վերաբերվում, հարցնում են, հետաքրքրվում են: Զգացվում է, որ հետաքրքրություն և էնտուզիազմ կա»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց գիտաշխատողը:



Ցուցադրվեցին հեղուկ ազոտով պաղպաղակի ստացում, միջուկային ռեակցիաներ, մասնիկների գրանցման և նույնականացման դետեկտորներ, օպտիկական փորձեր, փորձեր լազերների և ոսպնյակի հետ, ԴՆԹ-ի անջատում ու ԴՆԹ-ի կլանման սպեկտորի գրանցում և այլն: 



Մխիթարյան Գոռը սովորում է Վանաձորի դպրոցներից մեկում: Արդեն որոշել է, որ ցանկանում է դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել ԵՊՀ-ում: Ամենից սիրելի առարկաներն են քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը: Հենց դա էր պատճառը, որ երբ դասղեկը տեղեկացրել էր ինտերակտիվ գիտափորձերի ցուցադրության մասին, Գոռը մեծ ոգևորությամբ ցանկություն էր հայտնել մասնակցելու: «Եկել ենք մեր դասղեկի հետ, որպեսզի մասնակցենք մասնագիտական փորձերի, էքսկուրսիայի: Եկանք, շատ փորձեր տեսանք, հայտնաբերություններ: Շատ տպավորված եմ: Օրինակ, փորձերից մեկի ժամանակ իմ ձեռքի մեջ կրակ այրեցին: Մարդիկ շատ են, դժվար է լինում որոշ փորձեր մանրամասն դիտել, հասկանալ, բայց ամեն ինչ շատ հետաքրքիր է»,- մեզ հետ զրույցում իր տպավորությունների մասին պատմեց աշակերտը: 



Ներկաները հնարավորություն ունեցան նաև հանդիպելու աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի հետ, ում անունով է կոչվում Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրը։