Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-09-2019
Ու՞մ կհասնի բաղձալի Միլիոնը. կայացավ «Save Միլիոն» ներկայացման առաջնախաղը
Սեպտեմբերի 25-ին, Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կայացավ ռեժիսոր Նորա Գրիգորյանի նոր՝ «Save Միլիոն» ներկայացման առաջնախաղը:

Քաղաքական սատիրայով և սարկազմով հագեցած ներկայացման կազմն աստղային է. զբաղվածեն հայտնի դերասաններ՝ Մկրտիչ Արզումանյանը, Էվա Խաչատրյանը, Լևոն Հարությունյանը, Վիկտորիա Սահակյանը և Սերգեյ Գրիգորյանը:

Դինամիկ ներկայացման մեջ արծարծվում են Հայաստանում արդի քաղաքական իրադարձություններ, հնչում են ծանոթ, բայց և մտացածին անուններ, հայտնի լոզունգներ և արտահայտություններ:

Հանդիսատեսը ներկայացման ամբողջ ընթացքում լարված կլինի՝ սպասելով ծանոթ իրավիճակի, ինչ-որ կերպարի հետ ասոցացիայի և միաաժամանակ կծիծաղի լսելով իրեն ծանոթ քաղաքական հումորներ:

Գլխավոր հերոսներից է Մկրտիչ Արզումանյանը, ով մարմնավորում է պաշտոնաթող օլիգարխի իրավաբանի ու փորձում է ծանր և դժվար իրավիճակից դուրս բերել իր պաշտպանյալին: Ներկայացման ամբողջ ընթացքում այս կերպարը կբացահայտվի հանդիստեսի համար և ի վերջո պարզ կդառնա՝ արժեր պաշտպանել այդ Միլիոնը, թե՝ ոչ: Գուցե միլիոնը ներկայացման հետ կապ չունի…

Հարուստ մարզպետի կերպարում պետք է լիներ հենց Լևոն Հարությունյանը, ով հրաշալի մարմնավորում է օլիգարխիկ և վախկոտ պաշտոնյայի, ով ամեն ինչ կանի իր անվան համար: Էվա Խաչատրյանը շվայտ կյանքի սովոր, դավաճան և եսասեր կնոջ կերպարում է հանդես գալիս: Իրենց խաղով փայլում են նաև սիթքոմների հայտնի Վիկտորիա Սահակյանը, ով բավական համարձակ կերպարով է հանդես գալիս, և Սերգեյ Գրիգորյանը, առանց որի ներկայացմումը գուցե այդքան ծիծաղելի չթվա: 

Ներկայացման սցենարիստը հայտնի հումորիստ, հաղորդավար Արմեն Վարդանյանն է, նկարիչը՝ Լուսին Վարդանյաը, պաստառի հեղինակը՝ Արվին Քոչարյանը, իսկ պրոդյուսերները` Արման Միտոյանը, GES production-ը:

Ներկայացման հեղինակները չեն բացառում, որ այս ներկայացմամբ նույնպես կմեկնեն հյուրախաղերի, իսկ ներկայացման մեջ տեքստային փոփոխություններ և իմպրովիզներ կլինեն՝ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական իրադրություններին համապատասխան։