Նյութը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից
Տեղադրվել է 21-09-2019
Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը հայտարարում է լրագրողական մրցույթ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնի» շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության թեմաների շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության վերաբերյալ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի հանրության կողմից իրազեկվածության բարձրացմանը։

Մրցույթը կընդգրկի 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թ․ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակը շնորհվելու է մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Ընտրված լավագույն աշխատանքի հեղինակին կամ հեղինակներին  շնորհվելու է 500,000 ՀՀ դրամ մրցանակ։

Լրագրողական նյութը կարող է լինել հետևյալ ձևաչափերով՝ հեռուստատեսային, ինչպես նաև մուլտիմեդիա և առցանց՝ պարունակելով տեսագրություն, պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2018 հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, պետք է անդրադառնա արդի կարևորություն ունեցող բնապահպանական որևէ խնդրի կամ վայրի բնության պահպանությանը Հայաստանում կամ Հարավային Կովկասում, պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ, պետք է հրապարակված լինի հայերեն լեզվով կամ ունենա հայերեն ենթագրեր:

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10–ը։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը: