Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-09-2019
Capital Cities խումբն այսօր հանդես կգա Գյումրիում
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, հանրահայտ Capital Cities խումբը համերգ կտա Գյումրիի Վարդանանց հրապարակում:

Խմբի անդամներից մեկը ազգությամբ հայ Սեբու Սիմոնյանն է։ «Սա անչափ սպասված իրադարձություն է մեզ համար: Վերջապես, իմ խմբին կտանեմ իմ հայրենիք և ցույց կտամ իմ ազգի հյուրընկալությունը, Արարատ լեռը և աշխարհի ամենալավ ծիրանները: Մեր առաջին համերգը կկայանա Գյումրիում, որը 1988 թվականին տուժեց երկրաշարժից, իսկ այսօր քաղաքը քայլ առ քայլ ոտքի է կանգնում: Մենք կնվագենք մեր բոլոր հիթերը»,- նշել է Սեբու Սիմոնյանը:

Capital Cities ամերիկյան ինդի փոփ դուետը ձևավորվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա: Դուետը ձևավորվել է 2008 թվականին, և կազմված է ամերիկացի երգիչ Ռայան Մերչանտից (վոկալ, ստեղնաշարային գործիքներ) և հայազգի երգիչ Սեբու Սիմոնյանից (վոկալ, ստեղնաշարային գործիքներ)։

Դուետը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր 2011 թվականին թողարկված «Safe and Sound» երգի շնորհիվ, որը միջազգային մի շարք հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականներ ։ 2013 թվականի հունիսի 4-ին դուետը թողարկել է իր դեբյուտային՝ «In a Tidal Wave of Mystery» ստուդիական ալբոմը։

Նշենք, որ խմբի երկրորդ համերգը նախատեսված է Երեւանում՝ սեպտեմբերի 23-ին: