Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-09-2019
Կասյան 3 հասցեում բացվել է Պերճ Զեյթունցյանի հուշատախտակը
Կասյան 3 հասցեում բացվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանի հուշատախտակը: Պերճ Զեյթունցյանը 1971-2017 թվականներին հենց այս վայրում է ապրել ու ստեղծագործել: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում ընդգծեց, որ արձակագրի հիմնական գործերը՝ դրամաները, վեպերը, վիպակները, կապվում են այս շենքի հետ:

«Զեյթունցյանը մի հեղինակ էր, որ աշխարհի ցանկացած զարգացած երկրում թարգմանվում, տպագրվում էր, նրա խոսքը հատկապես Գորբաչովյան տարիներին շատ սուր, հետաքրքիր վերլուծական էր: Պատահական չէ, որ նրա կինոսցենարներով ֆիլմեր նկարվեցին, նա արժանացավ պետական մրցանակի, տարբեր միջազգային մրցանակների»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Նշենք, որ արարողությանը ներկա էր նաև գրողի ընտանիքը, մտավորականներ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, երկրպագուներ: Հուշատախտակի քանդակագործը Արման Նազարյանն է, իսկ հովանավորի անունը հայտնի չէ, չի  ցանկացել, որ հրապարակվի:

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938 թ. հուլիսի 18-ին Ալեքսանդրիայում: Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը:

Առաջին գիրքը տպագրվել է 1956թ.-ին։ Հեղինակ է 12 պիեսի, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզվով, այդ թվում`   ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։ Զեյթունցյանը եղել է Հայաստանի Երկրորդ Հանրապետության մշակույթի առաջին նախարարը: 

ՀՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր էր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հռոմի`  Արվեստների և հասարակական գիտությունների Թիբերինա ակադեմիայի պատվավոր անդամ: 

2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։

Պատկերասրահ՝ Պերճ Զեյթունցյանի հուշատախտակի հանդիսավոր բացումը