Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 15-09-2019
Չինաստանի ժամանակակից արվեստագետ Վոն Գուանյիի պատկերների առաջին ցուցադրությունը՝ Երևանում
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ազգային պատկերասրահում արվեստասերներին ներկայացվեց ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» խորագրով:

Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև  հեղինակը՝ Վոն Գուանյին, ով Eritasard.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչու է որոշել իր հավաքածուն նվիրել ողջ աշխարհում ապրող հայերին և ցուցադրել իր կտավները հենց Երևանում. «Ես համալսարանում սովորելու տարիներին կարդացել եմ, որ Նոյան տապանը Հայաստանում է իջել: Դա է եղել այն հիմնական պատճառը, որի շնորհիվ սկսել եմ շատ հետաքրքրվել Հայաստանով: Հայաստանում կան շատ գեղեցիկ վայրեր, պատմություն ունեցող վայրեր: Հայաստանը ոգեշնչման երկիր է: Այն իմ սրտում է»:

Ներկայացված աշխատանքների շարքն անդրադառնում է մարդու ֆիզիկական հատկանիշների դասակարգմանը: Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրությունը բաղկացած է երեք ծավալուն բաժիններից՝ «Անհայտության քող»,  «Ռասա, բռնություն և էսթետիկա», «Ռասաների վերլուծություն»: Այն վերհանում է ֆիզիկական հատկանիշների վրա հիմնված կամայական մեկնաբանությունները և թվարկում այն հանգամանքները, որոնք հանգեցրել ու շարունակում են հանգեցնել ռասայական հետապնդման և էթնիկ շեղումների: 

«Այն գույները, որոնք որ օգտագործել եմ, ներդաշնակության գույներ են համարվում: Նայում ես և հանգստություն զգում»,- ասաց Վոն Գուանյին: Eritasard.am-ի հետ զրույցում հեղինակը պատմեց նաև, որ երկու տարի է աշխատել ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքները ստեղծելու համար: Ցուցադրված են 75 գործեր, որոնցից 35-ը մի սրահում, իսկ  40-ը՝ մյուս: 

Վոն Գուանյիին հաճախ համարում են չինական պոպ-արտի հիմնադիրներից մեկը: Սակայն, ի տարբերություն պոպ-արտի ներկայացուցիչների, նա առավելապես հետաքրքված է աստվածաբանությամբ և փիլիսոփայությամբ:
Ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 18-ը: