Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-09-2019
Կենացումահու պայքար՝ «ԵՎՐՈ-2020»-ի եզրափակիչ փուլում հայտնվելու համար
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առջեւ այսքանից հետո մեկ «պահանջ» է դրվում՝ հաղթել մյուս բոլոր խաղերում, անգամ անհնարինը՝ Իտալիայում ուժեղ լինել իտալացիներից։

Հաճախ չի պատահել, որ գրեթե լեփ-լեցուն լինի Երեւանի «Հանրապետական» մարզադաշտը։ Ոչ միշտ, սակայն եվրոպական խոշորագույն ֆուտբոլային հավաքականների (Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Պորտուգալիա) դեմ խաղերում Հայաստանի հավաքականին երկրպագելու են գալիս տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց, ինչ խոսք, մարզադաշտ է բերում նաեւ մրցակցի կազմում ընդգրկված այս կամ այն աստղային ֆուտբոլիստը։ Իտալիայի ազգային հավաքականի դեմ հայ ֆուտբոլիստների ցուցադրած նվիրական խաղը թույլ էր տալիս ակնկալել, որ հաջորդ խաղերում երկրպագուների պակաս չի լինի։ Եվ մարդիկ մարզադաշտ կգնան ոչ այնքան մրցակից թիմերում առկա աստղային ֆուտբոլիստների համար, որքան ազգային թիմի հաղթանակի ակնկալիքով։

Այդպես էլ ստացվեց օրեր առաջ. «ԵՎՐՈ-2020»-ի ընտրական փուլի 10-րդ խմբի Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը մարզասերների պակաս չուներ։ Իհարկե, մրցակցի թիմում կային Միրալեմ Պյանիչ եւ Էդին Ջեկո, սակայն շուրջ 12,500 երկրպագուներ, ասել է թե գրեթե ամբողջությամբ լեցուն տրիբունաներ, աջակցում էին Հայաստանի հավաքականին։ Մի քանի տասնյակի հասնող երկրպագուներ էլ Հայաստան էին ժամանել աջակցելու իրենց երկրի՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի ազգային հավաքականին։

«Հանրապետական» մարզադաշտ եկած ֆուտբոլասերներն իսկական ֆուտբոլային թրիլլերի ականատես դարձան. հանդիպման հաշիվը կարող էր բացվել 3-րդ րոպեին, բայց մարզական բախտը Հայաստանի հավաքականի կողմն էր, քանի որ Էդին Ջեկոյի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Հաջորդ իսկ րոպեին Հայաստանի հավաքականին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Աչքի ընկավ «կրակակետում» հայտնված թիմի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը։ Նա, ի դեպ, ցուցադրեց իր՝ ազգային հավաքականի կազմում թերեւս լավագույն խաղերից մեկը՝ ապացուցելով ֆուտբոլային «մասնագետներին», որ դեռեւս վաղ է իրեն «թոշակի ուղարկել» հռոմեական «Ռոմա»։

Բոսնիացիների պատասխանը չուշացավ. մինչեւ ընդմիջում Էդին Ջեկոն կարողացավ գնդակն ուղարկել Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը։ Երկրորդ խաղակեսը սկսվեց հայ ֆուտբոլիստների գրոհային տարափով. գոլը արագորեն էր «հասունանում»։ Դասական գրոհ կազմակերպելուց հետո մրցակցի՝ բոսնիացիների դարպասը երկրորդ անգամ գրավեց Հենրիխ Մխիթարյանը՝ 2-1 դարձնելով հանդիպման հաշիվը։

Հաշված րոպեներ անց Բոսնիա եւ Հերցեգովինայի ազգային հավաքականին հաջողվեց այս խաղում երկրորդ անգամ վերականգնել հաշվի հավասարակշռությունը՝ իր կողմը թեքելով նաեւ հոգեբանական որոշակի առավելություն։ Ինչպես երեւաց խաղից, Հայաստանի հավաքականը, սակայն, չէր կարող հուսահատության մատնել սեփական երկրպագուներին, արդյունքում՝ շատ արագ հակագրոհի կազմակերպմամբ Հովհաննես Համբարձումյանը կարողացավ կրկին առաջ մղել դաշտի տերերին՝ 3-2: Բոսնիացիները չհանձնվեցին եւ շարունակեցին պայքարել մինչեւ վերջին վայրկյանները՝ վտանգավոր պահեր ստեղծելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասին։ Մի քանի դեպքերում Հայաստանի հավաքականի դարպասապահի փայլուն խաղի արդյունքում գնդակը երրորդ անգամ չհայտվեց դաշտի տերերի դարպասում։

Մրցավարի կողմից ավելացված վերջին րոպեին էլ Հայաստանի հավաքականին հաջողվեց եւս մեկ արագ հակագրոհ ձեռնարկել։ Կրկին հարվածային դիրքում հայտնվեց դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձած թիմի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինիս հարվածը թույլ ստացվեց, սակայն բոսնիացիների պաշտպանը խճճվեց դեպի իր կողմն ընթացող գնդակի հետ պայքարում՝ օգնելով վերջապես հանգիստ շունչ քաշել մարզադաշտ եկած հայ ֆուտբոլասերին. հաղթանակն արդեն ապահովված էր՝ 4-2: Մրցավարի՝ հանդիպման ելքն ազդարարող սուլոցից հետո «Հանրապետական» մարզադաշտը մի քանի րոպե շարունակ «ցնծում էր». տեղի էր ունեցել անհավանական թվացող մի բան, որը հետագայում շատ ավելի կպարտավորեցնի Հայաստանի ազգային հավաքականին սեփական երկրպագուների առջեւ։

Ի դեպ, այս տարի մարտի 23-ին Սարաեւոյում կայացած առաջին խաղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտվել էր 1-2 հաշվով՝ ցուցադրելով ոչ ամենեւին այն ֆուտբոլը, որը տեսնում ենք վերջին մի քանի ամիսներին (մրցակցի հարկի տակ հաղթանակ Հունաստանի հավաքականի նկատմամբ, արժանապատիվ խաղ ընդդեմ Իտալիայի ազգային հավաքականի, արդյունավետ տնային խաղ ընդդեմ բոսնիացիների)։ Հայաստանի հավաքականի միակ գոլն այդ խաղում խփել էր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ այն էլ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Ընդհանրապես, բոսնիացիների հետ Հայաստանի ազգային ընտրանին մրցակցելու փորձ ուներ. 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում շուրջ 10 տարի առաջ՝ 2008 թ.-ի հոկտեմբերի 10-ին Զենիցայում Հայաստանի հավաքականը պարտվեցին 1-4 հաշվով, միակ գոլն էլ խփել էր պաշտպան Վահագն Մինասյանը։ Երեւանում պատասխան հանդիպումը կայացել էր 2009 թ.-ի սեպտեմբերի 5-ին։ Այդ խաղում մրցակիցը կրկին ուժեղ էր. գրանցվել էր 0-2 հաշիվ՝ հօգուտ հյուրերի: Այս անգամ լիովին այլ պատմություն էր, որը կարող է հետաքրքիր, անակնկալ շարունակություն ունենալ, եթե Հայաստանի հավաքականը շարունակի կատարել մարզասերի պահանջը՝ հաղթել մյուս բոլոր հանդիպումներում, այդ թվում նաեւ Իտալիայում իտալացիներին։

Ուշարժան է, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 98-րդն էր, իսկ բոսնիացիները՝ 43-րդը։ Թե որքան կօգնի այս հաղթանակը Հայաստանի հավաքականին դեռ վաղ է ասել, սակայն Բոսնիա եւ Հերցեգովինայի ազգային ընտրանին ստիպված կլինի հետագա մրցապայքարը շարունակել նոր գլխավոր մարզչի հետ. Հայաստանի ազգային հավաքականին պարտվելուց հետո բոսնիացիները «թույլ տվեցին» գլխավոր մարզչին հրաժարական տալ։

Հավելենք, որ սեպտեմբերին կայացած խաղերից հետո «ԵՎՐՈ-2020»-ի 10-րդ ընտրական խմբում 18 միավորով առաջատարն Իտալիան է, որը հաղթել է բոլոր մրցակիցներին։ «J» խմբում հաջորդը Ֆինլանդիայի ընտրանին է, որը 6 խաղից հետո ունի 12 միավոր (երկու անգամ պարտվել է միայն իտալացիներին), եւ հոկտեմբերի 15-ին կհյուրընկալի 9 միավորով խմբում 3-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի հավաքականին։ Բոսնիացիները 7 միավորով չորրորդն են խմբում եւ հոկտեմբերին կհյուրընկալեն Ֆինլանդիայի հավաքականին։ Հույները, որոնք շատ վատ են հանդես գալիս այս ընտրական փուլում, վաստակած 5 միավորով հինգերորդն են: Խմբի հետնապահը դեռեւս մեկ միավոր վաստակած Լիխտենշտեյնի հավաքական է։ Վերջինիս Հայաստանի հավաքականը հյուր կլինի հոկտեմբերի 12-ին։