Նյութը՝ «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ից
Տեղադրվել է 13-09-2019
Արվեստի անվճար ուսուցում Երեւանում
«Մեդիալաբ» արվեստի անվճար կրթական ծրագիրը հրավիրում է արվեստի անվճար ուսուցման:

2019 մարտ-մայիս ամիսներին կայացած հանրային ֆինանսավորման արշավի արդյունքում «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ն աջակիցների եւ անհատ բարերարի շնորհիվ ձեռք բերեց բավականաչափ միջոցներ՝ շարունակելու «Մեդիալաբ» արվեստի անվճար ուսուցման ծրագիրը, որը վարում են արվեստի բնագավառում գործունեություն ծավալող առաջատար երիտասարդ մասնագետները:

Մեդիալաբը կիսամյա  կրթական ծրագիր է, որն անվճար ուսուցում է տրամադրում սկսնակ արվեստագետներին և արվեստի դաշտում գործունեություն ծավալող երիտասարդներին: 

Մեդիալաբը տրամադրում է ժամանակակից արվեստով զբաղվելու անհրաժեշտ գործիքներ եւ կիսվում է դրանք ստեղծագործաբար կիրառելու կարողություններով։

Մեդիալաբն ուսանողների մոտ ձևավորում է քննադատական հայացք արվեստի ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների ու միտումների հանդեպ, զարգացնում է վերլուծական կարողություններ՝ սոցիալ-քաղաքական և մշակութային փոխակերպումների ընկալման համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 15-ը։ Հայտադիմումը կարելի է լրացնել այստեղ՝ https://forms.gle/D8eMF2pF4AA9WmnD6

«Մեդիալաբը» «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի երկարաժամկետ ծրագրերից է: Երիտասարդ արվեստագետները և արվեստով հետաքրքրվողները կիսամյա անվճար կրթական ծրագրի ընթացքում ուսումնասիրում են հետևյալ դասընթացները՝ 

  • գրաֆիկական ձևավորում, 
  • ժամանակակից արվեստի պատմություն, 
  • լուսանկարչություն,
  • ստեղծագրություն,
  • ձայնային արվեստ,
  • կինոմոնտաժի զարգացման պատմություն,
  • ժամանակակից արվեստի փորձառություններ,
  • տեսնելու արվեստաբանական մեթոդներ:


Այս տասը տարիների ընթացքում «Մեդիալաբ» ծրագիրն իրականացվել է ժամանակակից արվեստի ոլորտում գաղափարակից ընկերների խանդավառության և անշահախնդիր աշխատանքի արդյունքում: «Մեդիալաբի» ուսումնական ծրագիրը համալրվում է հանդիպումներով ու վարպետության դասերով Հայաստանի և արտերկրի արվեստագետների եւ ոլորտի մասնագետների հետ: Ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել այստեղ:

«Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի մասին

«Ֆոկուսը» Երեւանում գործող արվեստի տարածք է` տարատեսակ միջոցառումների, հանդիպումների ու զրույցների վայր, որի գործունեությանը նպաստում են թարմ տեխնիկական միջոցները, համախոհների,  գործընկերների, եւ ընկերների մեծ ցանցը, եւ հարմարավետ գրադարան- ընթերցասենյակը: