Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-09-2019
Հին և Նոր Երևանի շունչն ու ճարտարապետությունը ներկայացավել է մեկ հարթակում
Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում Երևանի պատմության թանգարանում «Ֆոտոլուր» գործակալությունը ներկայացրեց հին և նոր Երևանի լուսանկարներ, որոնցում պատկերված է Երևանն իր ամբողջ հմայքով, ճարտարապետությամբ, ավանդույթներով, քաղաքը զարդարող դեմքերով ու հիշարժան պահերով:

Լուսանկարչական փառատոնի և ցուցահանդեսի կազմակերպիչներից Տաթևիկ Մնացականյանն ասաց, որ Երևանը բոլորիս սիրելի քաղաքն է և այդ քաղաքի հետ կապված գեղեցիկ ու հետաքրքիր պահերը կարող ենք ֆիքսել միայն լուսանկարչության միջոցով. «Լուսանկարչությունը մեր կյանքի վավերագիրն է: Շատերն ասում են, որ կորցնում ենք քաղաքի դիմագիծը, սակայն այս ցուցահանդեսում մարդիկ կարող են հիանալ թե՛ հնով, թե՛ նորով: Այս լուսանկարներում ներկայացված է Հին Երևանի շունչն ու ճարտարապետությունը, մարդկանց, անգամ ավանդույթներն ու ազգային հագուստը: Դրան զուգահեռ նաև տեսնում ենք արդեն մեզ ծանոթ Երևանը, քաղաքի հետ կապված գեղեցիկ պահեր»:

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանի խոսքով, լուսանկարը ստեղծվելու պահից դառնում է պատմություն, իսկ որոշ ժամանակ անց այն ավելի է արժևորվում:

Իսկ ցուցահանդեսով Մելիք Բաղդասարյանը ցանկացել է ցույց տալ, որ Հին Երևանը հրաշալի է, սակայն պետք է գնահատել նաև այն դրական առաջընթացը, որը կա ներկայիս Երևանում: «Այստեղ գործակալության արխիվի մի փոքր մասն է ցուցադրված` քառասուն կամ հիսուն լուսանկար: Մեր հարուստ արխիվում են հորս` Նեմրութ Բաղդասարյանի, եղբորս` Հերբերտ Բաղդասարյանի, իմ աշխատանքները: Լուսանկարիչների ընտանիք ենք. այսօր ֆոտոլրագրությամբ են զբաղվում նաև որդիներս` Հայկն ու Վահրամը, որոնց աշխատանքները ևս ներկայացված են»,- նշեց լուսանկարիչը:

Միջոցառման ընթացքում Մելիք Բաղդասարյանը Երևանի լուսանկարներով սկավառակ նվիրեց Երևանի պատմության թանգարանին` արխիվը հարստացնելով վաթսուն աշխատանքով:

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնին մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն: Լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում: Լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Նախագահի նստավայր, դրանք փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում: Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:

Պատկերասրահ՝ Հին և Նոր Երևանի լուսանկարների ցուցահանդես