Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Գրետա Նալբանդյանի և Ռուբեն Նալբանդյանի Խաչքարերի Վարպետաց Դպրոցի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 08-09-2019
Խաչքարագործության վարպետաց դպրոցում սովորում են պահպանել հայկական արվեստն ու պատմությունը
Ռուբեն Նալբանդյանն ապրում ու ստեղծագործում է Արմավիր մարզի Արշալույս գյուղում: Նա առավել հայտնի է որպես Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու պուրակում տեղադրված հայտնի խաչտառերի հեղինակ:


Վարպետի աշխատանքների մի մասը գտնվում է Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր: Այսօր վարպետ Ռուբեն Նալբանդյանն Արշալույս գյուղի իր արվեստանոցում ոչ միայն խաչքարեր է ստեղծում, այլև իր շնորհը փոխանցում է գյուղի երիտասարդներին:



Ռուբեն Նալբանդյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջազգային սիմպոզյումների: Հեղինակ է բազմաթիվ հուշարձանների և արդեն 1000-ից ավելի խաչքարերի: 2010 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ է:  

Խաչքարագործության վարպետաց դպրոցը գյուղում հիմնել են եղբայրներով: Գյուղի երեխաները և երիտասարդները հնարավորություն ունեն այնտեղ ոչ միայն մի շարք արհեստներ ուսումնասիրելու, այլ նաև ծանոթանալու հայկական և արտասահմանյան արվեստի պատմությանը: Աշակերտները հանդիպում են ճանաչված քանդակագործների, արվեստագետների, նկարիչների, դերասանների, երգիչների հետ: Կազմակերպվում են այցեր թանգարաններ, ամառային ճամբարներ և այլն:



- Ե՞րբ խաչքարագործության դպրոցը ստացավ պետական գրանցում:

 
2010 թվականին թուրքերը դիմեցին Եվրոպական դատարան՝ պահանջելով, որ խաչքարը, լավաշը, դուդուկը համարվեն իրենցը: Մենք, իհարկե, դեմ արտահայտվեցինք: Այդպիսով՝ հայկական խաչքար կերտելու արվեստը ընդգրկվեց ոչ նյութական մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում: Մինչ այդ խաչքարագործության մեր դպրոցն արդեն գործում էր. այն որոշել էինք հիմնել եղբայրներով: Եվրոպական դատարան դիմելուց հետո՝ Մշակույթի նախարարությունից եկան, դպրոցի մասին նյութ պատրաստեցին, նկարահանեցին՝ ապացուցելու, որ երկար ժամանակ է, ինչ Հայաստանում կա խաչքարագործության դպրոց, ունենք վարպետներ և այլն:  Այդպես նաև մեր դպրոցի շնորհիվ շահեցինք խաչքարի հայցը, և խաչքարը գրանցում ստացավ ՅՈւՆԵՍԿՕ-ում որպես հայկական պատմական մշակութային ժառանգություն:  Այդ ընթացքում դպրոցը թեև գործում էր, բայց գրանցում չուներ: 2015 թվականին գրանցում ստացանք: 



- Ինչպիսի՞ն է դպրոցն այսօր:
 
Իմ տան տարածքը  բարեգործական հիմունքներով դարձրել եմ դպրոց: Սովորող ցանկացողները շատ են. երեխաները սիրով են սովորում: Այսօր արդեն շուրջ 60 աշակերտ է սովորում դպրոցում: Հիմնականում մեր գյուղից, բայց լինում է, որ կողքի գյուղերից ևս գալիս են: Դպրոցում սովորում են հիմնականում անվճար հիմունքներով: Ես օրվա մի մասն աշխատում եմ տան արհեստանոցում, մյուս մասը սովորեցնում եմ երեխաներին: 



Դպրոցում գործում են ոչ միայն խաչքարագործության խմբեր, այլ նաև դուդուկի, հայկական-ազգագրական պարի, գորգագործության, կավագործության և քանդակագործության տարբեր ճյուղերի խմբեր: Կադրերի պակաս ունենք:  Հիմա ինձ օգնում են եղբայրս, նրա տղան և աղջիկը: Ընտանեկան աշխատանք է: Ունենք հրավիրյալ ուսուցիչներ, օրինակ, պարի մասնագետ: Նրանք մեր կողմից վարձատրվում են:  Աշխատում ենք ջերմ ու ընտանեկան մթնոլորտում: 



- Ինչպիսի՞ աշխատանքներ են հեղինակում երիտասարդ խաչքարագործներն այսօր: 

 
Հիմա հարթաքանդակներ ենք անում: Վերարտադրում ենք փոքր դետալներ հին քանդակներից, եկեղեցիների զարդանախշերից: Սկզբի համար ընտրել ենք Արևմտյան Հայաստանի եկեղեցիները և այնտեղ գտնվող հարթաքանդակները:  Այս պահին ուսումնասիրում և վերարտադրում ենք Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին: Ամեն բան սպասելի է. կարող է գա մի պահ, որ օտարի տարածքում գտնվող մեր պատմական ժառանգությունն էլ չլինի… բարբարոս մարդը  միշտ էլ մնում է բարբարոս՝  կեցվածքով և պահվածքով: Նախշաքանդակները նկարում ենք, հետո վերարտադրում: Նոր քանդակի վրա էլ գրվում է՝ որ եկեղեցին է, որ վանքը՝ որ թվագրության:  ՀՀ-ից  էլ ունենք՝ Մակարավանք, Գեղարդավանք,  Սանահին. դրանք քանդակելուց երեխան էլ ավելի հայեցի է դաստիարակվում, շփվում է պատմության հետ և միաժամանակ կերտում է պատմություն: Հավատքը ներշնչում է: Ուզում եմ, որ երեխան դառնա իսկական արվեստագետ: Արվեստում միշտ էլ սովորելու բան կա: 


 
- Աշակերտների աշխատանքները ցուցադրվո՞ւմ են:
 
Տարվա ընթացքում երկու-երեք անգամ ցուցադրություն ենք կազմակերպում: Մշակույթի նախարարությունն արդեն 3-րդ տարին է, որ մեզ դրամաշնորհ է հատկացնում երեխաների նյութերի, շրջանակների ձեռք բերման համար: Ունենք սրահ, որը կահավորել ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում: Այնտեղ երեխաների ստեղծած աշխատանքներն են ցուցադրված վաճառքի համար: Գները շատ մատչելի են, բայց չեք պատկերացնի, թե ինչ ուրախություն է ապրում պատանին, երբ 10 000 կամ 20 000 դրամ է վաստակում՝ սովորելուն զուգահեռ. դա մի ուրիշ աշխարհ է: Ամեն արվեստագետի համար իր առաջին աշխատանքի գումարը ավելի է ոգևորում ու դարձնում էլ ավելի աշխատասեր: Հատկապես, երբ զբոսաշրջիկ է լինում գնորդը, և պատանիներն իմանում են, որ իրենց առաջին աշխատանքը հիմա Փարիզում է, մյուսինը՝ Նորվեգիայում և այդպես շարունակ: 


 
Հիմնականում դպրոց են հաճախում անապահով ընտանիքի երեխաներ, ծնողազուրկ երեխաներ էլ ունենք, սակայն բոլորն էլ շատ շնորհալի են: Բոլորն էլ ձգտում ունեն, մի քիչ էլ ոգևորում, թիկունքին կանգնում ես, երեխան մտածում է, որ իր ընտանիքի սահմանափակ հնարավորությունների հետ մեկտեղ, այս դպրոցում կարող է հասնել բարձունքների և իրականացնել իր նպատակները:


 
- Ի՞նչ նոր ծրագիր ունեք արտասահմանցի երիտասարդների համար:
 
Տարբեր ծրագրեր ունենք: Հիմա փորձում ենք այստեղ հյուրատուն ստեղծել՝ մեր արտասահմանցի հայ երեխաների համար կացարան: Այստեղ նրանք կկարողանան գալ, ապրել, սնվել և ունենալ լավ ժամանաց: Նախատեսում ենք կազմակերպել տուրեր. կայցելեն տեսարժան և պատմամշակութային վայրեր:  Միաժամանակ հնարավորություն կունենան դպրոցում մասնակցելու արվեստի դասերի՝ խաչքարագործություն, քանդակագործություն, գորգագործություն, դուդուկ և այլն: Կապրեն հայկական ավանդական գյուղում և այս ամենի շնորհիվ ավելի կմոտենան իրենց հայկական արմատներին: Ծրագրի ավարտից հետո կստանան հատուկ վկայագիր, որը կփաստի, որ նա տիրապետում է դպրոցում սովորած արհեստին: Հետագայում ցանկության դեպքում կարող են անցնել նաև լավ աշխատանքի իրենց նոր մասնագիտացումով: