Նյութը՝ Seaside Startup Summit LLC-ից
Լուսանկարները՝ Seaside Startup Summit LLC-ից
Տեղադրվել է 29-07-2019
Մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը, որտեղ կմրցեն 120 ստարտափներ աշխարհի տարբեր երկրներից
Սևանի ափին այսօր մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում են թվով 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից։

Սամմիթի շրջանակում Հայաստան են ժամանել 100-ից ավել մենթորներ և հաջողակ ձեռներեցներ, վենչուրային և հրեշտակ ներդրողներ, ովքեր 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, հանդես կգան դասախոսություններով և կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները: 

Մասնակիցների ծանոթությանն ու  ստարտափների ներկայացմանը հաջորդեց պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին նաև միջոցառման կազմակերպիչները, գործընկերներն ու հովանավորները։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիր Հակոբ Հակոբյանը բացման երեկոյի ընթացքում նշեց, որ արդեն 4-րդ տարին է, ինչ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն իր շուրջն է միավորում 1000-ից ավելի մարդկանց Հայաստանից և ամբողջ աշխարհից, ինչը նշանակում է, որ սամմիթը հաջողված և սպասված իրադարձություն է ստարտափ աշխարհում։  

Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաև լինելու է 100,000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն։ 

Դիմելով մասնակիցներին` «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշեց, որ Սամմիթը տարեցտարի ավելի մեծ և ընդգրկուն դառնալով նպաստում է ստարտափների առաջխաղացմանն ու թիմերի կայացմանը: Այն հնարավորություն է տալիս թիմերին համախմբվելու և  իրենց փորձության ենթարկելու:

Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից, ինչպես նաև «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար: