Նյութը՝ կազմակերպիչներից
Լուսանկարները՝ կազմակերպիչներից
Տեղադրվել է 29-07-2019
«Դիլիտոն» Դիլիջանում
Ջերմ ու աշխույժ մթնոլորտում ընթացավ «Դիլիտոն» ամենամսյա փառատոների շարքի հերթական միջոցառումը, որն այս անգամ երկօրյա տոն պարգևեց Դիլիջան քաղաքին:

Հուլիսի 27-ին և 28-ին Դիլիջանի քաղաքային լճի շրջակայքում տեղակայված գունագեղ տաղավարներում Դիլիջան խոշորացված համայնքի արտադրողներն ու ստեղծագործողները ներկայացրեցին իրենց իսկ պատրաստած աշխատանքները, հուշանվերներն ու ուտեստները։ Զբոսաշրջիկների համար սա մի յուրահատուկ առիթ էր շփվելու տեղացիների հետ, համտեսելու տեղական ուտեստները և ծանոթանալու տեղի արվեստին ու արհեստին՝ անմիջապես ստեղծագործողների մատուցմամբ:

Մյուս կողմից «Դիլիտոնը» նաև  բացառիկ հնարավորություն էր ընձեռել մասնակիցներին ներկայացված լինելու, կարևոր կապեր հաստատելու և որոշակի կայուն եկամուտ ունենալու համար: 

Փառատոնն այնքան հաճելի մթնոլորտում էր ընթանում, որ զբոսաշրջիկներից շատերն ուղղակի միացել էին տեղացիներին՝ աշխույժ զրույցի, համեղ խորտիկների և մշակույթների նմանությունների շուրջ հարցերով: Հյուրերից շատերը նույնիսկ վարպետաց դասեր էին ստանում ստեղծագործողներից և ծանոթանում նրանց աշխատանքի նրբություններին:

Միջոցառումը շահավետ էր թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ տեղացիների համար, իսկ այն  ուղեկցող հաճելի երաժշտությունը, ֆոտո և դեմքի նկարչության կետերն ու ակտիվ խաղերը  ներկաների օրը դարձրել էին վաղուց մոռացված ուրախ, անկեղծ ու բարի հեքիաթ:

«Դիլիտոն» ծրագիրն իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: