Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ Մերի Սահակյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 25-07-2019
Հեքիաթի լեզուն պարզ պետք է լինի, ասելիքը՝ խորը. Մերի Սահակյան
Մերի Սահակյանը 7 տարեկանից սկսել է ստեղծագործել: Առաջին հեքիաթի գիրքը գրել եւ հրատարակել է 12 տարի առաջ: Այժմ 50-ից ավելի հեքիաթների հեղինակ է: Մերիի հեքիաթները բովանդակությամբ մեկը մյուսից տարբեր են եւ փոքրիկներին անմոռանալի ճամփորդության են տանում: Մեր զրուցակիցն է հեքիաթագիր Մերի Սահակյանը։
- Մի օր մենք բոլորս նորից սկսում ենք հեքիաթներ կարդալ։ Հեքիաթներն ավելի խորիմաստ են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ո՞րն է հեքիաթի մասին Ձեր ձևակերպումը։
 
-Իրականում հեքիաթներ մի՛շտ է հարկավոր կարդալ։ Գոնե այն բանի համար, որ մերթընդմերթ մեր ներսի երեխային կյանք տանք ու հոգևոր սնունդ։ Հեքիաթն իրականությունից կտրվելու ամենալավ միջոցն է  ինձ համար։ Հեքիաթը մի իրականություն է, ուր անհնարին ոչինչ չկա ու դա մեզ չի զարմացնում։ Հեքիաթում է, որ մենք հավատում ենք հրաշքների , ուր ամենակարող ենք։ Հեքիաթը տարիք չունեցող ընթերցողի  համար է և երբ ձեռքդ ես առնում իսկական հեքիաթի գիրք , զգայարաններդ թուլանում են , պատրաստվում ես թռիչքի , բայց ոչ օդանավի թևերին, այլ դա մտքիդ թռիչքն է, և վայրէջքի ապահովության մասին չես էլ մտածում, ուղղակի ըմբոշխնում ես չբացահայտված աշխարհներին վերևից զգույշ և ուշադիր նայելու հնարավորությունը։ Հեքիաթը զարդարում է միտքը հրաշքի միջոցով։ Հեքիաթը բարություն քարոզելու ամենահաճելի և արդյունավետ միջոցն է։ Ես Էնշտայնի նման խորհուրդ եմ տալիս մեծերին շատ հեքիաթներ կարդալ։ Հեքիաթի լեզուն պարզ պետք է լինի, ասելիքը՝ խորը։ Նույնիսկ ավելին․ կարող եմ ասել, որ հեքիաթի համար կա որոշակի բառամթերք և պարզ շարահյուսությունը պարտադիր է։

 Տեսնո՞ւմ եք, հեքիաթի մասին որքան ձևակերպումներ ծնվեցին Ձեր հարցից։ 

- Հեքիաթագիր ծնվո՞ւմ են, թե դառնում։
 
-Հեքիաթագիր ծնվում են։ Դա միանշանակ է։ Քանզի ցանկացած ստեղծագործություն բացառիկ է, երբ ինքնաբերաբար հոսում է ներսիդ աղբյուրից , որի ակունքի տեղը չգիտես։

- Ի՞նչ ներաշխարհ պետք է ունենա հեքիաթագիրը։
 
-Նախ և առաջ նա պետք է բարի լինի և մարդասեր, պետք է ունենա վառ երևակայություն և հավատա հրաշքների։

- Ի՞նչն է դրդել Ձեզ առաջին անգամ վերցնել գրիչն ու ստեղծագործել։ Երեխաների նկատմամբ անսահման սե՞րը, թե՞․․․



 
-Երբ երեխա էի, ինքս ինձ համար հեքիաթներ էի հորինում թե ցերեկը, թե գիշերը։ Ես զբաղեցնում էի ինձ, զարդարում օրս տեսակ-տեսակ հրաշքներով և շատ հաճախ, մեծ տարիքում էլ իրականությունն ու երևակայականն ապրել են կողք-կողքի, մերթ խանգարել ինձ, մերթ օգնել։ Գրել եմ ոտանավոր, երբ հազիվ տառաճանաչ էի, մի քառյակ, որ շատ լավ հիշում եմ մինչ օրս։

Ի՞նչ նվիրեմ իմ մայրիկին,
Իմ քաղցրիկին, իմ անուշին,
Գարնան վարդե՞րն անհամար,
Թե՞ այն թիվը՝ հինգը,
Ինչպե՞ս ուրախացնեմ նրա բարի սիրտը։
 
- Իսկ երեխաներ շատ եմ սիրում, շա՛տ։ Ծերերի ու երեխաների հետ զրուցելն ինձ հաճույք է պատճառում, հարստացնում միտքս։

- Հ․ Թումանյան, Գրիմ եղբայրներ, Շառլ Պերրո, Հանս Քրիստիան Անդերսեն, Մերի Սահակյան․ ընդհանուր գիծ կա՞  Ձեր և այս հեքիաթագիրների միջև։
 
-Երևի այն , որ ուզում ենք աշխարհն ավելի լավը դարձնել։ Գիտե՞ք, սիրելի Դիաննա, երազանքի պես մի բան կլիներ զրուցել նրանցից երկուսի՝ Թումանյանի ու Անդերսենի հետ, պատմել նրանց հեքիաթներս ու իրենց կարծիքը լսել։ 

- Գրիմ եղբայրներ, Շառլ Պերրո և շատ այլոք գրի են առել ժողովուրդներից լսած հեքիաթներ չարի ու բարու մասին։ Ձեր պարագայում ինչպե՞ս են ծնվում հեքիաթները։
 
-Չգիտեմ ինչպես բացատրել այդ ստեղծագործական ընթացքը։ Մի աշխարհ կա իմ ներսում, այնտեղ մի ուրիշ Մերի է ապրում, բարի ու ամենատես մի փերի։ Նա անընդհատ մտածում է, վերլուծում, նկատում ամեն մի մանրուք ու գրի է առնում ավազներին։ Դա մի տաք, մերձարևադարձային հարուստ գոտի է, չկա այնտեղ անհնարին ոչինչ, ես այնտեղ միակ բանկիչը չեմ, բայց միայն ես եմ ելումուտ անում, հենց այնտեղից էլ ինձ հետ մի լուսավոր միտք, հեքիաթից մի պատառիկ կամ ամբողջական հեքիաթ գրպանս դրած դուրս եմ գալիս։ Միայն թե պետք է հասցնեմ գրի առնել ավազին գրվածը՝ թղթին, որ չմոռանամ։ Այո, հեշտ է, երբ լսածդ ես թղթին հանձնում, ինչպես այդ մեծերի պարագայում է եղել, բայց ինձ համար էլ դժվար չէ  տեսնել, գրի առնել այն, ինչ խուտուտ է տալիս միտքս։

- Որքանով տեղյակ եմ, սիրում եք մաքուր օդը, բնությունը, սիրում եք նաև երեխաների համար հեքիաթ կարդալ բնության գրկում։ Մի փոքր կպատմե՞ք այդ մասին։
 
-Քանի որ հեքիաթը հենց բնությունից է ծնվում, հաճելի է պատմել այն հենց բնության գրկում։ Դրանից հեքիաթի ուժն ավելանում է։ Միայն  իմանաք, թե ինչ ուշադիր են լսում գյուղի երեխանեը, թե որքան կարևորում են գիրքը, քեզ, որ ներկայանում ես ինչպես հեքիաթի հեղինակ։ Եղել են դեպքեր, երբ մեծահասակներն էլ հրավիրել են իրենց տուն հաց թխելիս և խնդրել են հեքիաթ պատմել նաև իրենց համար։ Լավաշի անուշ բույր, եռանդուն կանանց միջավայր, տաք թոնիր ամռան կեսին, նոր գցած պանիր, թթու, կարագ, սուրճ․․․

Դրանից հաճելի մթնոլո՞րտ։ Դե, ես էլ սիրում եմ երգել, զվարճալի պատմություններ պատմել, հարցեր տալ, իրենց խոսեցնել ու լսել։ Նաև բանաստեղծություններս եմ ասմունքում, որից նրանք ոգևորվում են, զարմանում, թե որքան համարձակ և անկեղծ եմ ստեղծագործում։ Ես համոզված եմ, որ գրողը պետք է ժողովրդին հնարավորինս մոտ լինի։



- Ձեր հեքիաթները բեմականացվել են։ Ինչպե՞ս առաջացավ այդ մտահաղացումը։ Երեխաներն ինչպե՞ս ընդունեցին։

-Ճիշտն ասած, ամեն կերպար  բնութագրելիս, ամեն իրավիճակ նկարագրելիս, նախ պատկերացրել եմ բեմի վրա, կամ անիմացայի տեսքով։ Ցանկացել եմ տեսնել հեքիաթս մյուսների աչքերով, երիտասարդ դերասանների խաղով, ասել է թե կողքից։ Եվ երբ վայելեցի այդ հաճույքը, սկսեցի է՛լ ավելի սիրել թատրոնը։ Եղան դեպքեր, երբ մի քանի հեքիաթներ շատ աննկատ միացրել էին իրար և մի հրաշալի, մեծ հեքիաթ ստացել, որը զարմացրել էր անգամ ինձ։ Արվեստը գումար է պահանջում։ Հեքիաթը տիկնիկային ներկայացում դարձնելու, բեմականացնելու համար հսակայակն ներդրումներ է պահանջում, որի պակասը շատ կա։ Դե, իսկ ինչ վերաբերվում է երեխաներին, նրանք ուղղակի խանդավառվում են, քանի որ դա իրե՛նց աշխարհն է նախ և առաջ։

- Որքանով տեղյակ եմ Ձեր հեքիաթները թարգմանվել են նաև այլ լեզուներով և ներկայացվել այլ երկրներում։ Որքանո՞վ է հաճելի լինել այլազգի երեխաների սիրելի հեքիաթագիրը։
- Արդյո՞ք սիրեց ինձ օտարազգի ընթերցողը․․․ ես էլ կուզեի իմանալ, գիտե՞ս։ Գրողը գրում է ու լուռ սպասում արձագանքների։ Ընթերցողը կարդում է և մտովի գնահատական տալիս և միայն ժամանակն է, որ որոշում է պահե՞լ գիրքը հաջորդ սերնդի համար, թե՞ ոչ։ Սպասենք․․․

- Ո՞րն է այդ կապը երեխայի և հեքիաթագրի միջև։ Ի՞նչ եք անում այն առավել ամրացնելու համար։
 
-Երեխայի և հեքիափագրի միջև մեկ կապ կա․ հեքիաթ։ Պարբերաբար դպրոցներ, նախակրթարաններ այցելելով, երեխաներին հեքիաթներս պատմելով, նոր հեքիաթներ գրելով և հեքիաթի գրքեր նվիրելով եմ կապ պահում երեխաների հետ։ 

Եվ վերջին հարցը։ Ավարտեք այս նախադասությունը։ Երեխաների հայացքներում փնտրում  եմ․․․
 
-ՀԱՐՑ։