Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-07-2019
«Ո՛չ պլաստիկին». Երևանում կայացավ «Գաստրո օրը»
Հուլիսի 13-ին Զաքյան փողոցի՝ Խորենացի և Լուսավորչի փողոցների հատվածում կազմակերպված Երևանի «Գաստրո օրը» միտված էր ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ՝ քարոզում էր բնապահպանություն:

Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում Հայաստան այցելած զբոսաշրջիկներին՝ ծանոթանալու հայկական խոհանոցին, մշակույթին: Երևանի «Գաստրո օրվա» կազմակերպիչը «ԷվենտՏուրա» ընկերությունն է: Քսանմեկ տաղավարներում մի շարք ընկերություններ ներկայացնում են և՛ հայկական, և՛ արտասահմանյան խոհանոցների սնունդ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ: 

«Մենք ցանկանում ենք այս օրը տոնի վերածել մեր համաքաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Առաջին անգամ է, որ կազմակերպվում է Երևանի «Գաստրո օր»-ը: Հույս ունենք, որ այն կկրի ամենամյա բնույթ: Մեր նպատակն է խթանել և զարգացնել իրադարձային տուրիզմը Հայաստանում, ինչը մեծ թվով զբոսաշրջիկների է գրավում: Միջոցառումը StreetFest ոճով է: Տեղացիներին այն նույնպես հետաքրքրում է»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Երևանի «Գաստրո օր» նախագծի կառավարիչ Լիլիթ Մարգարյանը: 

Բացի իրադարձային տուրիզմի զարգացումը, միջոցառումն ունի նաև բնապահպանական կարևոր ուղերձ՝ «Ո՛չ պլաստիկին»: Երևանի «Գաստրո օրի» ընթացքում մասնակիցներին տրամադրվել են թղթե բաժակներ և ափսեներ, եգիպտացորենի օսլայից պատրաստված պատառաքաղներ, բամբուկի ձողիկներ: Կազմակերպիչները փորձել են գտնել մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարրաների այլընտրանքային ձևեր:

Միջոցառումը բաղկացած էր նաև երաժշտական հատվածից: Նախագծի մեդիա պատասխանատու Լիլիթ Ծառուկյանը նշեց, որ հիմնականում բոլոր միջոցառումներին փորձում են ընդգրկել այն բենդերին, որոնք լայն ճանաչում չունեն, քանի որ սա հարթակ է`լայն  ճանաչում ձեռք բերելու համար: 

Պատկերասրահ՝ Երևանի գաստրո օր - 2019