Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի և Համբարձում Կաբանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 14-07-2019
«Եթե քո գործողության մեջ սեր կա, ամեն բան կհաջողես». Համբարձում Կաբանյան
Երիտասարդ դերասան Համբարձում Կաբանյանը ծանոթ է հանդիսատեսին թատրոնից: Զբաղվում է նաև գեղանկարչությամբ: Սակայն բոլորովին վերջերս նա կատարեց իր առաջին մեծ քայլը կինոյի աշխարհում: Համբարձում Կաբանյանը Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի գլխավոր դերակատարն է:
Համբարձում Կաբանյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 30-ին Աբխազիայի Գագրախա քաղաքում: Երբ Աբխազիայում սկսվեցին ռազմական գործողությունները, ապագա դերասանի ընտանիքը տեղափոխվեց Սոչի, որտեղից էլ տարիներ անց Համբարձումը  մեկնեց նվաճելու Մոսկվան:  2007 թվականին ընդունվում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի Եվգենի Կամենկովիչի և Դմիտրի Կրիմովի արվեստանոցի դերասանական խումբ: 2011 թվականից մինչ այսօր Համբարձումը Մոսկվայի Պ․ Ֆոմենկոյի արվեստանոց-թատրոնի դերասան է: Սակայն թատրոնը տաղանդավոր երիտասարդի միակ կիրքը չէ: Դերասանը զբաղվում է նաև գեղանկարչությամբ, նկարահանվում է ֆիլմերում:

2018 թվականին Համբարձում Կաբանյանը նկարահանվել է «Սուսերով պար» ֆիլմում: Ֆիլմն առանձնահատուկ նշանակություն ունի դերասանի համար, քանի որ «Սուսերով պարը» Համբարձում Կաբանյանի դեբյուտն է՝ առաջին ֆիլմը, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսի կերպարը: Գլխավոր հերոս, ով համաշխարհային ճանաչում ունեցող հայ հանճարեղ կոմպոզիտորն է՝ Արամ Խաչատրյանը: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես և ինչպիսի հանգամանքներում  հայ հանճարը հեղինակեց Սուսերով պարը: Eritasard.am-ը զրուցել է երիտասարդ դերասանի հետ ֆիլմի նկարահնումների ընթացքում իր ապրումների և զգացումների, դժվարությունների, գործընկերների հետ աշխատանքի, իր հետաքրքրությունների մասին: 



- Ինչպե՞ս ստացաք առաջարկ նկարահանվելու «Սուսերով պարը» ֆիլմում:

- Ես Գյումրիում ֆիլմի պրեմիերայի օրը փորձում էի հիշել, թե ինչպես հնչեց հեռախոսազանգը և ստացա առաջարկը: Հուզված էի: Ինձ ուղարկեցին սցենարը, որտեղ գրված էր. «Արամ Խաչատրյան»: Ես պետք է մարմնավորեի այդ հանճարեղ մարդուն: Կորցրել էի գլուխս. այդպիսի մարդու մասին ֆիլմ և ահա սցենարը: Ես կարդացի, բնականաբար հավանեցի, հետո հանդիպեցինք ռեժիսորի և պրոդյուսերի հետ: Ինձ հրավիրեցին փորձի: Մի քանի փորձից հետո ստացվեց: Ասացին, որ շատ դերասաններ են փորձել մարմնավորել այդ դերը, չնայած ես նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում:  

Ես պայքարում էի, քանի որ շատ էի ուզում ընտրվել: Դա ինձ համար ահռելի սկիզբ է: Նախկինում ես նկարահանվել էի ֆիլմերի էպիզոդներում, բայց սա իմ առաջին գլխավոր դերն է: Իմ մարմնավորած հերոսը  համաշխարհային ճանաչում ունի: Առաջին գլխավոր դերը ֆիլմում՝ միանգամից այդպիսի մեծարգո մարդու մասին: Պատասխանատվությունը շատ մեծ էր:  Եվ երբ ինձ հարցնում էին՝ կկարողանամ հաղթահարել, ես պատասխանում էի՝ այո, իհարկե կարող եմ. ես կանեմ այն ամենն ինչ ինձնից կախված է: 

- Նկարահանման հրապարակում Դուք աշխատել եք հայտնի դերասանների հետ: Ինչպե՞ս էին ընթանում նկարահանումները ավագ գործընկերների հետ:

- Նկարահանումների ժամանակ ես ծանոթացա Արման Նավասարդյանի հետ: Ես չգիտեի, թե ինչ հայտնի մարդ է նա Հայաստանում: Երբ մենք եկանք Հայաստան՝ նկարահանումները շարունակելու համար, նրա հետ քաղաքում զբոսնելու ընթացքում տեսնում էի, թե ինչպես են ամեն քայլափոխի մոտենում և ողջունում նրան: Ես զարմացած հարցրի. «Արման, ինչո՞ւ դու չէիր ասում, որ հայտնի աստղ ես»: Ընկերացանք: Արմանը շատ էր ինձ օգնում նկարահանումների ժամանակ, մանավանդ, երբ պետք էր հայերեն խոսեի ֆիլմի դրվագներից մի քանիսում: Ես շատ էի մտահոգվում՝ կկարողանամ արդյոք խոսել մաքուր հայերենով: Բացի իմ ավագ հայ գործընկերներից՝ մեր ռուս դերասանները նկարահանման հրապարակում ինձ նույնպես շատ էին ոգևորում: 



- Ինչպե՞ս էին ընթանում աշխատանքները ֆիլմի ռեժիսորի՝ Յուսուպ Ռազիկովի  հետ:

 
- Օ՜, նա շատ անհավանական մարդ է: Ես նման սեր և նվիրվածություն դեռ երբևէ չէի տեսել դեպի իր աշխատանքը, դեպի Արամ Իլիչ Խաչատրյանը, դեպի այն ստեղծագործությունը, որը հենց ինքն է գրել, իր սցենարը, անգամ նրա վերաբերմունքը նկարահանումների ընթացքում դերասաների, անձամբ իմ հանդեպ… նման մարդու չէի հանդիպել: Նա մոտենում էր նկարահանման հրապարակում, ուղղում սավանները, հարցնում էր՝ ինչպես ենք մեզ զգում և այլն: Ասես հայրական սիրով էր նա սիրում բոլորիս: 

-Իսկ ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ կարդացիք սցենարը: Համոզված եմ, որ նախկինում լսել էիք Հայոց ցեղասպանության և հայ հանճարների մասին: Մի բան է այդ ամենի մասին կարդալ, լսել և բոլորովին այլ բան է՝ լինել Հայաստանում և այդ ամենը զգալ սեփական մաշկի վրա՝ նման պատասխանատու դեր ֆիլմում կերտելով:

- Ես առաջին անգամ չէի Երևանում: Շատ եմ սիրում այս քաղաքը, երկիրը,  մշակույթը, ինձ այդ ամենը շատ մոտ է և հոգեհարազատ: Ինքս անցել եմ պատերազմի միջով Աբխազիայում: Այդ ժամանակ փոքր եմ եղել, բայց լավ գիտեմ և հիշում եմ, թե ինչ է նշանակում լինել լքված, լինել փախուստի մեջ, սոված և ծարավ, չնայած մայրս ամեն բան անում էր, որ մենք ոչ մի բանի պակաս չունենանք: Հայերը ինձ շատ հոգեհարազատ մարդիկ են…



- Ո՞րն էր Ձեզ համար նկարահանումների ամենաբարդ օրը:
 
-Ամեն օրն էլ բարդ էր: Իմ տեքստերը այդքան էլ շատ չէին, բայց ես միշտ կադրի մեջ էի: Արամ Իլիչի կերպարում միշտ կար ներքին լարվածություն՝ այդ երաժշտության ստեղծման համար: Ինձ մոտ միշտ այդ բարդ և ծանր հոգեվիճակն էր: Իսկ ոչ էմոցիոնալ, բայց ևս դժվար օրերից կնշեմ Յարոսլավում նկարահանումները, երբ -30 աստիճան ցուրտ էր, և ես ցրտից դժվարանում էի խոսել: Հետո հենց այդ նույն տաք հագուստներով մենք նկարահանվում էինք Երևանում, որտեղ շատ շոգ էր: Այդ ընթացքում տեղի էր ունենում Թավշյա հեղափոխությունը: Մենք նկարահանում էինք Արամ Իլիչի կոնֆլիկտը, իսկ այստեղ տեղի էր ունենում հեղափոխություն: Խորհրդանշական պահ էր:

-Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր կյանքում կինոն, թատրոնը և գեղանկարչությունը: 

- Ամեն ինչի համար էլ կարելի է ժամանակ գտնել, եթե կա ցանկություն: Կինոն ուրիշ է, թատրոնը բացարձակ սեր է, որտեղ դու կռվում ես, վիճում ես, սիրահարվում ես, իսկ գեղանկարչությունը…երբ առաջին անգամ ձեռքս վերցրի վրձինները և տեսա, որ ինչ-որ բան ստացվում է, ասես թարմ օդի կում շնչեի: Կտավից քեզ էներգիա է գալիս: Ինձ հետ անգամ ներկեր էի վերցրել ֆիլմի նկարահանումների ժամանակ. նկարում էի ազատ պահերին: Նկարում եմ միշտ, երբ ազատ ժամանակ եմ ունենում: Եթե քո գործողության մեջ սեր կա, ամեն բան կհաջողես և կկարողանաս հաջողությամբ համատեղել այդ ամենը, ժամանակ գտնել: