Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 11-07-2019
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնը՝ Գյումրիում
Ոսկե Ծիրան 16-րդ միջազգային կինոփառատոնը Գյումրիում հուլիսի 9-ին մեկնարկել է «Սուսերով պար» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը ցուցադրվել է Հոկտեմբեր կինոթատրոնում:

«Սուսերով պար» ֆիլմի ռեժիսորը Յուսուպ Ռազիկովն է: Ֆիլմը աշխարհահռչակ Արամ Խաչատրյանի մասին է: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես և ինչպիսի հանգամանքներում  հայ հանճարը հեղինակեց Սուսերով պարը: Արամ Խաչատրյանի դերում նկարահանվել է երիտասարդ դերասան Համբարձում Կաբանյանը: Ֆիլմի նկարահանումներն ընթացել են 2018 թվականին Ռուսաստանում՝ Յարոսլավլում, և Հայաստանում:  

«Արամ Խաչատրյանը Սուսերով պարը գրել է ութ ժամվա ընթացքում: Ինձ համար ֆիլմի հիմնական գաղափարն այն է, թե ինչ պետք է զգա և ինչպիսի ապումներ պիտի ունենա մարդը, որքան զգացմունքային և մշակութային լիցքեր պետք է լինեն մարդու մեջ, որ ութ ժամվա ընթացքում գրի այդպիսի երաժշտություն: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ֆիլմում Խաչատրյանի կերպարի միջոցով արտահայտվում է այն միտքը, որ եթե աշխարհը չլռեր 1915 թվականին, տեղի չէր ունենա հոլոքոսքտը»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին:

Նույն օրը «Սուսերով պար» ֆիլմի ցուցադրումից հետո, կինոսերներին ներկայացվեց ևս մի ֆիլմ՝ «Այկա» (ռեժիսոր՝ Սերգեյ Դվորցևոյ):

Փառատոնի շրջանակներում Գյումրիում ցուցադրվելու է ութ ֆիլմ:

Պատկերասրահ՝ 16-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը՝ Գյումրիում