Նյութը՝ ԷկոԼաբ կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության մեդիա թիմից
Լուսանկարները՝ ԷկոԼաբ կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության մեդիա թիմից
Տեղադրվել է 06-07-2019
Վանաձորում անցկացվեց առաջին լեռնահեծանվային մրցարշավ
Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ, Էկո Լաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի և Բու Լեռնահեծանվային Պարկ Զբոսաշրջության Զարգացման ՀԿ-ի համագործակցությամբ հունիսի 30-ին Վանաձորում անցկացվեց իր տեսակի մեջ առաջին լեռնահեծանվային մրցարշավը:

Վանաձոր էին ժամանել 50 մասնակից հեծանվորդներ Հայաստանի բոլոր անկյուններից։ Մրցույթի երթուղին 5կմ էր, որը նաև հաղթահարեց ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկին։

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բեռնեցյանը, ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր միջազգային կազմակերպություններից:

Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հանդես եկավ բացման և ողջույնի խոսքով ու նշեց. «Հայաստանը լեռնահեծանվային դրախտ է եվրոպացի զբոսաշրջիկների համար և Վանաձոր քաղաքը իր գեղեցիկ բնությամբ լեռնահեծանվային կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ ունի»:

ԷկոԼաբ հիմնադրամի գործադիր տնօրեն Յանա Մկրտչյանը բացման խոսքում նշեց, որ հիմնադրամը մշտապես համագործակցելու է Բու լեռնահեծանվային պարկ ՀԿ-ի հետ, որպեսզի աջակցի Վանաձորում լեռնահեծանվային սպորտի տարածմանը և խթանի կենսակայուն զբոսաշրջության զարգացմանը:

Ելույթով հանդես եկավ նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով նշեց, որ Լոռու մարզի զարգացման առաջնային ուղղվածությունը զբոսաշրջությունն է, և դրա համադրումը սպորտի հետ ավելի հետաքրքիր է դարձնում մարզը։ «Նման նախաձեռնությունների կարիք մենք շատ ունենք, և արդեն կան որոշակի պլաններ, որոնց շնորհիվ մեկ-երկու տարի հետո կունենանք լիովին այլ տարածք»,- հավելեց մարզպետը։



Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բեռնեցյանը ողջույնի խոսք հղեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի անունից և, կարևորելով առողջ մարմնում առողջ հոգի գաղափարը, բարի երթ մաղթեց մրցույթի մասնակիցներին։

Միջոցառման հյուրերի շարքում էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, ով կարևորեց ԵՄ պատվիրակության դերը Հայաստանում կայուն զարգացման, հատկապես տվյալ դեպքում սպորտային զբոսաշրջության ոլորտում ընթացող բարեփոխումներին։ 

«Մենք պետք է զարգացումը դուրս բերենք Երևանից, ու այսպիսի նախագծերը այդ նախաձենության լոկոմոտիվը կհանդիսանան»,- նշեց փոխնախարարը։

Դեսպանը շրջայց կատարեց Վանաձորի Բու այլընտրանքային ծրագրերի տանը, այնուհետև ծանոթացավ լեռնահեծանվային պարկի տեղանքին, առաջիկայում նախատեսվող հեծանվային կենտրոնի և հեծանվային մարզադաշտի կառուցման ծրագրերին։  

Մրցարշավն ավարտվեց Մյասնիկյան փողոցի վերջնամասում գտնվող նախկին Պիոներ պալատի հարևանությամբ, որտեղ այս տարի կկառուցվեն լեռնահեծանվային սպորտի սպասարկման կենտրոնը և կից ենթակառուցվածքները։

Մրցույթի հաղթողներին ԵՄ դեսպանը հանձնեց մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով։ Միջոցառումն ավարտվեց վանաձորյան Clocker ռոք խմբի և DJ Կառլոս Մուրադյանի համերգային ծրագրով։