Նյութը՝ Մանե Մադոյանի
Լուսանկարները՝ Մանե Մադոյանի
Տեղադրվել է 30-06-2019
Երեք նոր հուշագիր և մեկ առցանց հարթակ՝ սոցիալական ձեռնարկատիրության խթանման համար
Այս ամիս իր աշխատանքներն ամփոփեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ծրագիրը, որի շրջանակում պաշտոնապես ամրագրվեց ՀՀ առաջին պետական ֆինանսական ներդրումը սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում:

Պետություն-ՍՁ համագործակցության ամենակարևոր փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության հետ. հունիսի 26-ին նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ՀՀ համայնքների կայուն զարգացման նպատակով սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ։ 

Հուշագրի առիթ դարձած ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի (ՀՍՁԱ) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տրամադրած ենթադրամաշնորհի շրջանակում: Այն նպատակ ունի աջակցել համայնքի զարգացման և առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված բիզնես գաղափարներ ունեցող անհատներին և ՀԿ-ներին՝ ստեղծելով ստեղծել ՏԻՄ-երի կողմից համայնքային խնդիրների լուծման նպատակով ՍՁ-ների ստեղծման և զարգացման համար համայնքային բյուջեներից դրամաշնորհների հատկացման մեխանիզմներ: 

«Սոցիալական ձեռնարկատիրությունը մեծ կարևորություն ունի համայնքների զարգացման, համայնքաբնակ եիտասարդներին մոբիլիզացնելու գործում, սակայն իրական արդյունքներ գրանցելու համար կարևոր է, որ ոլորտին առնչվող բոլոր դերակատարները համագործակցեն միմյանց հետ՝ առկա ռեսուրսներն ու ստեղծվող մեխանիզմներն արդյունավետ և նպատակային օգտագործելու համար: Կարծում եմ այս ծրագիրը նման համագործակցության հարթակի լավ օրինակ էր,- նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանը:



Ծրագրի շրջանակում համայնքների համար անկացվել էր բաց մրցույթ, որին մասնակցել էին անհատներ, երիտասարդական նախաձեռնություններ, ՀԿ-ներ: Արդյունքում 12 հայտատուներից ընտրվել էին երկու ՏԻՄ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել համայնքային բյուջեից ֆինանսական աջակցություն տրամադրել իրենց համայնքում սոցիալական ձեռնարկատիրության նախաձեռնության իրականացման համար: Ըստ  էության, առաջին անգամ Հայաստանում պետությունը պաշտոնապես ներդրում է իրականացնում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում. համայնքային իշխանությունները ապահովում են սոցիալական ձեռնարկատիրության ֆինանսական աջակցությունը, իսկ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան՝ տրամադրում մեթոդական աջակցություն թե´ ՏԻՄ-ին, թե´ ՍՁ-ն նախաձեռնած խմբերին:

Ընտրված գաղափարներից մեկն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, մյուսը՝ Աշտարակի Բագավան թաղամասում: Ծրագրի շրջանակում հուշագրեր են ստորագրվել նաև մրցույթում հաղթած գաղափարները ֆինանսավորող Աշտարակ և Լճաշեն համայնքների ղեկավարության և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի միջև:  «Ծրագիրն ամփոփվում է,  սակայն մեր աշխատանքը համայնքային իշխանությունների և ՍՁ գաղափարներ ունեցող քաղաքացիների հետ նոր-նոր է սկսվում,- նշում է ՀՍՁԱ նախագահ Սաթիկ Բադեյանը:- Մենք համոզված ենք, որ այս ձևաչափի փորձնական կիրառումը մեզ կօգնի ավելի ամբողջական դարձնել ՏԻՄ-ՍՁ ոլորտ համագործակցային մեխանիզմներն ու տարածել դրանք նաև մյուս համայնքներում»:

«Կարծում եմ նախաձեռնության իրականացման տեսանկյունից շատ ավելի կարևոր է, որ քո սոցիալական բիզնես գաղափարին աջակցում է հենց համայնքային իշխանությունը, որովհետև սա մի կողմից զգացողություն է, որ քո գաղափարն իրականություն է դառնում մասամբ նաև քո հարկերի շնորհիվ, մյուս կողմից՝ համայնքի ղեկավարությունն ինքը ոչ թե զուտ սպառող է դառնում, այլ այդ գաղափարն իրականացնող թիմի մաս՝ կիսելով նաև պատասխանատվությունը դրա արդյունավետ իրականացման համար»,- նշում է Լճաշեն գյուղի ՍՁ գաղափարի հեղինակներից Պապին Մուրադյանը:

Ծրագրի շրջանակում Ասոցիացիան մշակել է նաև ddp.am հարթակի (Direct Democracy Platform) ձևաչափով օնլայն գործիք, որի միջոցով երիտասրադները կարող են իրենց համայնքներում վեր հանել համայնքային խնդիրները և առաջարկել  դրանց լուծման ՍՁ գաղափարներ: