Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Վարուժան Հովսեփյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 29-06-2019
«Ճաշակ և կարծիք» գրքի հեղինակ Վարուժան Հովսեփյանն իր անցած ուղու մասին
Eritasard.am-ը զրուցել է վերջերս հրատարակված «Ճաշակ և կարծիք» գրքի հեղինակ Վարուժան Հովսեփյանի հետ: Վերջինս պատմել է ոչ միայն գրքի ստեղծման, այլ մինչև այդ անցած ուղու մասին:

Մասնագիտության ընտրություն, իրավաբանությունից` քաղաքագիտություն...

10-րդ դասարանին զուգահեռ որոշեցի ընդունվել այժմ արդեն չգործող Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի հայկական մասնաճյուղ: Սովորեցի 0 և 1-ին կուրսերում: Այդ ընթացքում զորակոչվեցի ՀՀ ԶՈւ, իսկ զորացրվելուց հետո, ցավոք, իմացա, որ համալսարանը փակվել է, ինչի պատճառով կրթությունս մնաց կիսատ, ես չստացա իրավաբանի կրթություն: Որոշեցի կրթությունս շարունակել ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում: Բայց, եթե անկեղծ` ՀՀ-ում քաղաքագետի մասնագիտությունն այդքան էլ հնարավոր չէ ռեալիզացնել: Հայաստանում պատկերացումներն այլ են. քաղաքագիտությունը Հայաստանում համադրվում է որևէ մասնագիտության հետ, օրինակ` լրագրող-քաղաքագետ: 

Սովորելուն զուգահեռ` ՀՀ ոստիկանության աշխատակից…

Անկեղծ ասած` երբևէ չէի մտածել ՀՀ ոստիկանությունում աշխատելու մասին, սակայն սովորելուն զուգահեռ աշխատանքի անցա համակարգում: Եթե իմանայի, որ նման կերպ է կյանքը դասավորվելու, ապա, բնականաբար, կընդունվեի` ՀՀ ոստիկանության ակադեմիա: Այդպիսով` աշխատանք և ուսում փորձում էի համատեղել, ինչն իհարկե ստացվեց: 

Աշխատանք` լրագրության ոլորտում…

2013թ.-ին մոտ 7 ամիս աշխատել եմ Armnews-ում: Այդ ընթացքում թողեցի ոստիկանական համակարգը: Որոշ ժամանակ աշխատեցի քաղաքական բաժնում, իսկ հետո` սպորտային: Բայց հասկացա, որ ամեն դեպքում ոստիկանական համարկարգն ինձ ավելի հոգեհարազատ էր: Վերադարձա համակարգ, ինչի մասին չեմ զղջում: 

Ստեղծագործական կյանքը...

2010թ.-ից սկսել եմ ստեղագործել: Սա կապված էր կյանքումս տեղի ունեցած մի դիպվածի հետ: Երբ այցելեցի տատիկիս շիրմին, հարևան շիրմաքարի վրա մի քառատող կար գրված, որը կարդալուց հետո տարօրինակ զգացողություն ունեցա: Գալով տուն, անկախ ինձնից թուղթ ու գրիչ վերցրի և սկսեցի գրել: Զարմանալի կթվա, սակայն ոգեշնչման աղբյուր հանդիսացավ հենց շիրմաքարի վրա գրվածը: Բանաստեղծությունները կարծես իներցիայով սկսեցին ծնվել, զգացի, որ դրանք արդեն բավականին շատ են: Դրանք սիրո, վատ մարդկանց, կյանքի, մահվան մասին են, ինչպես նաև կան աթեիստական թեմաներով աշխատանքներ: 



Առաջին գիրքը` «Ճաշակ և կարծիք»

Ստեղծագործություներից շատերը հանրայնացնում էի օն լայն տարբեր հարթակներում և եկավ պահ, երբ մտածեցի` իսկ ինչո՞ւ չհանձնել հանրությանը` գրքի տեսքով: Դիմեցի «Մագաղաթ» հրատարակչություն, որը շատ որակով հրատարակեց գիրքս, ինչի համար շնորհակալ եմ տնօրեն Ռ. Կնյազյանին և գեղարվեստական խմբագիր Դ. Հակոբյանին: Ժողովածում արդեն վաճառքում է, կոչվում է «Ճաշակ և կարծիք»:  Ժողովածուում իմ սուբյեկտիվ կարծիքն է`մարդկանց, կյանքի, սիրո, աթեիզմի մասին: Սկզբում ուզում էի վերնագրել «Դու», սակայն հիշեցի Պ. Սևակի բանաստեղծությունը, հասկացա, որ սխալ կանեմ, քանի որ մտածեցի` ինձ կմեղադրեն, որ ուզեցել եմ նմանվել Սևակին: Գրքիս խորագրով նաև ֆեյսբուքյան էջ ունեմ, որտեղ պոեզիայի սիրահարները կարող են հետևել իմ ստեղծագործական կյանքին: 

Իհարկե ցավով ընդունեցի այն փաստը, որ գրախանութներում ասացին, որ հասարակությունը պոեզիա չի կարդում, բացի Սևակից, որին չկարդալն անհնար է: 
 
Սպորտաձևերի հանդեպ մեծ սերն ու երաժշտական նախասիրությունները…

Սպորտաձերի հանդեպ սերս այլ աստիճանի վրա է: Ֆուտբոլ, ռեգբի, բասկետբոլ, ավստրալական ֆուտբոլ, հոկեյ և այլ: Նախասիրություններս տարբեր են: Ոչ մի սպորտային հանդիպում աշխատում եմ բաց չթողնել: Կարծես ինձ համար «թմրանյութ» լինի: 

Սիրում եմ ռոք, ջազ, դասական երաժշտություն: Կարելի է ասել բոլոր ժանրերը, բացի ցածրորակ երաժշտությունից: 

Վարուժան Հովսեփյանը զրույցի վերջում անկեղծացավ նշելով, որ ինքն իրեն այդքան էլ հաջողակ չի համարում, քանի որ կարծում է, որ հաջողությունը չես ստեղծում, այլ այն պարզապես գալիս է: Ավելին, երբեմն մարդ կարող է չգիտեկցել, պարզապես պետք է պահը  որսալ, ինչպես երջանկությունը, ինչը մեր զրուցակիցը նմանեցրեց: Լինելով բնավորությամբ բարդ, փակ, մենակություն սիրող, միշտ երջանկության փնտրտուքների մեջ է եղել ու վերջապես ունեցել է այդ երջանկություն ասվածը՝ ընտանիքը՝ սիրելի կին և հրաշալի բալիկ: