Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-06-2019
5 տարի միասին
«5 տարի միասին». այսպիսի խորագրով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը:

Երբ խոսքերը չեն հերիքում, ապա հերթը պարինն է, որը ինքնաարտահայտման լավագույն միջոցն է: Պարել սիրում են շատերը, բայց քչերն են կարողանում զբաղվել պրոֆեսիոնալ պարարվեստով: Ասատուր Քալաշյանը, երկար տարիներ լինելով պարարվեստում, «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» ստեղծման օրից սաների համար ապահովել է բոլոր պայմանները պրոֆեսիոնալ և հետաքրքիր պարային ճանապարհ անցնելու համար:

Այս դպրոցից առաջ գործել է «Ինտեր Դանս» պարային համույթը, որը ևս ներկայանում էր պրոֆեսիոնալ կերպով, բայց նոր կադրերի կարիք է նկատվել, և որոշվել ,  որ պետք է համապատասխան պարային դպրոց ստեղծվի: Հիմա դպրոցն արդեն 5 տարեկան է և ամփոփում է այդ տարիների գործունեությունը հունիսի 23-ին կայանալիք մենահամերգով:  Նրանք ներկայացնելու են  տարիների աշխատանքը և պարարվեստում ունեցած իրենց պրոֆեսիոնալ սանդղակը: Դպրոցի կարգախոսն էլ հենց այդպիսին է՝ «Պարարվեստի պրոֆեսիոնալ ճանապարհ»։

Դպրոցն ունի 6 դասարան, որոնք հենց պրոֆեսիոնալ պարարվեստով են զբաղվում, ընդունվում են սկսած 4 տարեկանից և ավարտում 16 տարեկանում: 4 և 5 տարեկանները սովորում են նախապատրաստական դասարաններում, որտեղ երեխաները անցնում են պարային ոչ ծանրաբեռնված ծրագիր, իսկ 6 տարեկանից արդեն ընդունվում են առաջին դասարան: 

Երեխաները  սովորում են դասական պար, որի հիման վրա զարգանում է իրենց կատարողական արվեստը մնացած պարային ժանրերում: Որպես կրթական ծրագիր դպրոցում պարային ժանրերը շատ են կախված տարիքից և դասարաններից: Երեխաներն ամեն տարի ավարտում են տվյալ դասարանն ու տեղափոխվում մյուսը, որտեղ ուսումնական ծրագիրն ու պարաձևերն այլ են: Դպրոցում դասավանդում են իրենց գործի կարևորությունը իմացող մասնագետներ, որոնք լավ գիտեն իրենց անելիքը: «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցում» չեն ուսումնասիրվում միայն այն ժանրերը, որոնք կանոններով տարբերվում են դասական պարարվեստից, օինակ՝ Hip-Hop, break dance և այլն: