Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-06-2019
Քննարկվեցին Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները
Հունիսի 14-ին Երևանում անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրության ուսուցման հեռանկարները Հայաստանում» խորագրով համաժողով, որի քննարկվեցին Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կրթության ներկա վիճակը, ձեռքբերումներն ու զարգացման հնարավորությունները:


Համաժողովին մասնակցում էին Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, ոլորտը համակարգող պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:


 
Իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը նշեց, որ նախարարությունն ունի շուրջ 12 զբաղվածության ծրագիր, որտեղ կարևորվում է դասընթացները և վերապատրաստումը` ուղղված խոցելի խմբերին աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություններ ընձեռելուն. «Բյուջետային սուղ միջոցներով և տարածքային առանձնահատկություններով պայմանավորված` հնարավոր չէ փակել ամբողջ դաշտը, և այս առումով սոցիալական ձեռնակատիրությունը կարող է լրացնել այդ բացը»,- ասաց նա:


 
Ըստ համաժողովի կազմակերպիչ, ՍՁ փորձագետ Արեգ Թադևոսյանի` դաշտում կրթական կարիքները շատ մեծ են ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթական մեխանիզմներով, ուստի այս ոլորտում առաջնային խնդիրը տարբեր ոլորտների փորձագետներին ՍՁ դաշտ բերելն ու մասնագիտացնելն է: 


 
«Այսօր արդեն շահագրգիռ կողմերը գոնե մասամբ գիտակցում են ՍՁ գործիքի պոտենցիալն ու կրթության դերը այդ պոտենցիալը արդյունավետ օգտագործելու հարցում: Հիմնական դերակատարները պատրաստակամ են համագործակցելու, ժամանակն է նստելու մեկ սեղանի շուրջ և գծելու փոխշահավետ գործողությունների քարտեզը»,- ասաց Արեգ Թադևոսյանը: 


 
Համաժողովի ընթացքում` հինգ տարբեր աշխատարանների շրջանակում քննարկվեցին կրթական տարբեր թեմաներ, այդ թվում` ՍՁ կրթության ինստիտուցիոնալացման հիմնահարցերը, ուսուցանողների և փորձագետների ոչ ֆորմալ ցանցի ստեղծումը, ուսուցման ձևաչափերը և հեռավար ու առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանում: