Նյութը՝ ԳՈՒՄ ՀԿ-ից
Լուսանկարները՝ ԳՈՒՄ ՀԿ-ից
Տեղադրվել է 14-06-2019
«Երիտասարդական քաղաքականության ներդրումը Գորիս համայնքում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով ֆորում
Հունիսի 11-ին Գորիսում տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության ներդրումը Գորիս համայնքում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով ֆորում։ Ֆորումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի միջոցով՝ ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն իրենց ապագայի» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է նպաստել Գորիս խոշորացված համայնքում երիտասարդների հանրային մասնակցության ապահովմանը և հանրային ազդեցության մեծացմանը՝  իրականացնելով համայնքային բյուջեի մոնիտորինգ և ջատագովություն։

Ֆորումի նպատակն էր Գորիս համայնքի երիտասարդներին, ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայացնել Գորիս համայնքի բնակավայրերի երիտասարդների շրջանում իրականացված հետազոտության, ինչպես նաև Գորիս համայնքի  2018թ․ տարեկան  բյուջեի  փաստաթղթային վերլուծության արդյունքները։

Ֆորումի բացմանը մասնակցել է նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ով ողջունել է նախաձեռնության գաղափարը և հաջող ընթացք մաղթել։

Ֆորումին մասնակցել են Գորիս համայնքի  ՏԻՄ ներկայացուցիչներ, Գորիսի տարբեր բնակավայրերի երիտասարդներ և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։ 

«Երիտասարդները հանուն իրենց ապագայի» ծրագրի շրջանակներում Գորիս համայնքի բնակավայրերի երիտասարդության շրջանում իրականացված հետազոտության և Գորիս համայնքի 2018 թ-ի բյուջեի  տարեկան փաստաթղթային վերլուծության արդյունքները ֆորումի մասնակիցներին ներկայացրել է ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։

Ֆորումի երկրորդ մասում շահագրգիռ կողմերը աշխատել են  աշխատանքային խմբերով և մշակել՝ Գորիս համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանն ուղղված առաջարկություններ։