Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-06-2019
Նորաձևության տոն` Երևանում
Երևանում հունիսի 25-29-ը կանցկացվի «Fashion Forum Yerevan» ամենամյա ծրագիրը: Նախաձեռնության շրջանակում հայ դիզայներները, ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպել միջազգային առաջատար մասնագետների հետ, մասնակցել կրթական ֆորումի` ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտություններ:
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին «Որդան կարմիր» հայկական գորգերի թանգարանում: Կներկայացվի «Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում հին հայկական ձեռագործ արվեստի նմուշների կողքին կցուցադրվեն հայ դիզայներների հագուստների ու աքսեսուարների նմուշներ:



Այսօր` լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ Վահան Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակում հունիսի 26-27-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվելու է երկօրյա կրթական ֆորում, որին մասնակցելու է և իր փորձով հայ դիզայներների հետ կիսվելու է  նորաձևության ոլորտի շուրջ 15 միջազգային  փորձագետ: Կլինեն դիզայներներ, ոճաբաններ, բլոգերներ, լրագրողներ:

Հունիսի 28-ին «5 concept» հայկական դիզայներական խանութ-սրահում հայ դիզայներները, որոնց թվում են Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը և այլք, արտերկրից ժամանած գործընկերներին են ներկայացնելու իրենց հավաքածուները` ստեղծված հատուկ միջոցառման համար:



Հունիսի 29-ին հյուրերի հետ մշակութային շրջայց է իրականացվելու Տավուշի մարզում: Սմիթսոնյան ինստիտուտի  «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպված շրջայցի նպատակն է ֆորումի միջազգային հյուրերին ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթն ու հին ձեռագործ արհեստների նմուշները:

«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը փաստեց, որ ֆորումի շրջանակում ընդգրկել են «Մշակութային ժառանգության պահպանում», «Հայկական տարազ», «Նորաձևություն և քաղաքականություն», «Բիզնես ստեղծում. տեղականից դեպի միջազգային» և այլ թեմաներ:



ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը բարձր գնահատեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը. «Դրանք անուղղակիորեն նպաստում են մեր երկրի ճանաչողությանը, մեզ վրա են հրավիրում միջազգային մասնագետների ուշադրությունը»,-ասաց նա:

Հավելենք, որ միջոցառումն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ: