Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-06-2019
Բնասիրական դիմակահանդես՝ Երևանի Սիրահարների այգում
Երևանի Սիրահարների այգում «Բնասիրական դիմակահանդես»-ը համախմբել էր բնությունը սիրողներին: Համերգային ծրագիր, լուսանկարների ցուցահանդես, բնապահպանական տարբեր խնդիրների լուծման ուղիների ներկայացում: Նպատակը մեկն է՝ պահպանել բնությունը, հոգալ մոլորակի մասին:

Արդեն 5-րդ տարին է` Պատանեկան ստեղծագործական կենտրոնը և «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունը Երևանի Սիրահարների այգում կազմակերպում են «Բնասիրական դիմակահանդես»:

«Մեր նպատակն է, երեխաներին ներգրավելով տարբեր միջոցառումների մեջ, քարոզել բնասիրություն: Երեխաներն էլ բնապահպանական տեսանկյունից դառնում են ավելի գիտակից,- eritasard.am-ի հետ զրույցում նշեց «Փրո Փոուզ» կազմակերպության կրթության պատասխանատու Կարինե Փանոսյանը և հավելեց,- արդյունքը տարեց տարի ավելի տեսանելի է դառնում: Կրթությունը՝ երեխայի միջոցով առավել արդյունավետ միջոց է, քան մեծերին քարոզելը»:

Միջոցառմանը մասնակցում էին Երևանի տարբեր դպրոցների և մշակութային կենտրոնների սաներ: 

«Էլիզաբեթ» արվեստի դպրոցի սաները ներկայացել էին հետաքրքիր էկո ակցիայով: 

«Լուսանկարների միջոցով զուգահեռներ ենք անցկացրել կեղտոտ և մաքուր բնության միջև: Երեխաները աղտոտված տեսարաններ են պատկերել և զուգահեռ ներկայացրել են իրենց պատկերացրած մաքուր տեսարանը: Հույս ունենք երեխաների միջոցով կրթել մեծերին և ավելի մաքուր պահել մեր քաղաքը»,-ասաց Էլիզաբեթ արվեստի դպրոցի տնօրեն Էլիզա Մակոչյանը:

Նշենք, որ միջոցառման ընթացքում կազմակերպվել էին նաև հայկական ազգային խաղեր:

Պատկերասրահ՝ Բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում