Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-05-2019
Մեկնարկեց «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ցուցադրությունների շարքը
«Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ցուցադրությունների շարքը մայիսի 22-ին մեկնարկեց «Ցենտրալ Պարտներշիպի» գլխավոր տնօրեն Վադիմ Վերեշչագինի «Միլիարդ» ֆիլմով:

Այն ռուսական ֆիլմարտադրության լավագույն ժամանակակից կատակերգական դրամաներից է համարվում: Ֆիլմն ազդեցիկ բանկիրի մասին է, ով անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր ունեցվածքը չկիսի անօրինական որդիների հետ: Սակայն երբ նա կորցնում է ամեն ինչ, պարզ է դառնում, որ իրեն օգնել կարող են միայն որդիները:



Ունեցվածքը վերադարձնելու համար միլիարդատերը ստիպված է թալանել իր իսկ բանկը Մոնտե-Կառլոյում, ինչի համար նա պետք է վերականգնի առանց հոր մեծացած երեխաների վստահությունը:



Նշենք, որ այս տարի հայ հանդիսատեսի դատին կհանձնվի 13 նոր ֆիլմ, որոնցից 1-ն անիմացիոն է: Ցուցադրվելու են նաև ռուսական գեղարվեստական նոր ֆիլմեր, որոնք ներկայացնում են Ռուսաստանն իր ժամանակակից կողմերով և պատմական անցյալով:



Ֆիլմերի ցուցադրություններն այս տարի կլինեն Երևանում և Գյումրիում:

Ըստ Պրոդյուսերների գիլդիայի նախագահ Կարեն Ղազարյանի՝ ռուսական կինոյի շաբաթի շնորհիվ ավելանում է հայ-ռուսական համագործակցությունը ֆիլմարտադրության ոլորտում:



«Կարծում եմ, որ «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» միջոցառումը ռուս-հայկական հիանալի համագործակցություն է, որի շնորհիվ նոր հնարավորություն է ստեղծվում շփման, մտքերի ու փորձի փոխանակման, ինչպես նաև՝ նոր ֆիլմերի ստեղծման համար»,- ասաց նա:

Հավելենք, որ ֆիլմերի ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 26-ը: