Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-05-2019
«Հովեր» երգչախումբը հանդես եկավ Զառա Տեր-Ղազարյանի հիշատակին նվիրված համերգով
Մայիսի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց համերգ՝ նվիրված երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանի հիշատակին:

Ելույթ ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Ծրագրում հնչեցին Ժանեկենի, Մենդելսոնի, Բրուքների, Պենդերեցկու, Կոմիտասի, Շարաֆյանի, Ազիզյանի, Մանտյարվիի, Շանդելի, Շաֆերի գործերը:

«Քանի որ Զառա Տեր-Ղազարյանը երաժշտագետ էր, ես փորձել եմ համերգային ծրագրում ներառել ստեղծագործություններ բոլոր դարաշրջաններից, այդպիսով՝ ճամփորդություն կատարելով դարաշրջաններով՝ հնագույն երաժշտությունից մինչև նորագույն: Իհարկե, ծրագրում ներառել ենք նաև հայ հեղինակների գործերը»,- նշեց Սոնա Հովհանիսյանը:

Խմբավարն առանձնահատուկ ընդգծեց, որ Զառա Տեր-Ղազարյանը շատ հարգված դասախոս էր: «Նա ինձ չի դասավանդել, բայց շփվել ենք, հիշողություններ ունեմ իր հետ կապված: Նրա նման մասնագետները պակասում են մեր Կոնսերվատորիայում: Նրանք, ովքեր շփվել են նրա հետ, չեն կարող մոռանալ Զառա Տեր-Ղազարյանին»,-հավելեց Սոնա Հովհաննիսյանը: 

Նշենք, որ Զառա Տեր-Ղազարյանը եղել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր: Երաժշտագետը հեղինակել է բազում աշխատություններ, որոնք օրինակ են նոր սերնդի համար: 

Պատկերասրահ՝ Համերգ՝ նվիրված երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանի հիշատակին