Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-05-2019
«Կարմինա Բուրանա» բեմական կանտատը` «Արամ Խաչատրյան» համերգասրահում
Մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչեց Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը:

«Կարմինա Բուրանա» կանտատը գրվել է Բուրանա բնակավայրի մոտակայքում գտնված բանաստեղծական ժողովածուի տեքստերով: Հենց այստեղից էլ ծագել է անվանումը` «Carmina Burana»: 

Ժողովածուի տեքստերի հեղինակներն են միջնադարյան համալսարանների ուսանողները, թափառաշրջիկ վանականները, թեթև կյանքի սիրահարները: 

Բանաստեղծությունները գովերգում են բնությունը, սերը, կյանքի անցողիկ ուրախությունները: Միավորող դեր է կատարում ճակատագիրը, որի «անիվի» պտույտը արտահայտվել է Օրֆի կանտատի նախերգում և վերջերգում:

Իրենց անզուգական ձայնով հանդես եկան Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Պերճ Քարազյանը (տենոր), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո): Դիրիժորը Հովհաննես Չեքիջյանն էր: 

Պատմական ակնարկ

Պատմական տեսանկյունից «Կարմինա Բուրանա»-ն, հավանաբար, Նացիստական Գերմանիայում ստեղծված և հրապարակավ առաջինը կատարված ամենահայտնի ստեղծագործությունն է, որն առաջին անգամ ներկայացվել է 1937թ. հունիսի 8-ին՝ Բերտիլ Վետցելսբերգերի դիրիժորությամբ: 

Նացիստական քննադատներից ոմանք այս ստեղծագործությունն անվանել էին դեգեներատիվ: Այդ բառի տակ հասկացվում էր ոչ գերմանականը, հատկապես կոմունիստական կամ հրեական արվեստը, որն արգելվում էր Գերմանիայում: Իսկ քննադատների մի խումբ էլ՝ նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ Յոզեֆ Գեբելսի գլխավորությամբ, այն համարում էին «գերմանական երաժշտության վառ օրինակ»:

Պատկերասրահ՝ Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը Երևանում