Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ Էլմիրա Նավասարդյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 11-05-2019
Իմ ստեղծած տիկնիկները հենց ես եմ՝ տարբեր կերպարանքներով․ Էլմիրա Նավասարդյան
Տիկնիկագործ Էլմիրա Նավասարդյանի կարծիքով, տիկնիկը մարդու կյանքում շատ կարևոր դեր ունի։

Երբ տիկնիկ ես ստեղծում կամ շփվում նրա հետ, ասես վերադարձնում ես մանկությունդ, ավելի ես բարիանում։ Նա խորհուրդ է տալիս, որպեսզի մարդիկ ավելի հաճախ շփվեն տիկնիկների հետ և հասկանան, թե որքան գունավոր է աշխարհը։

Մեր զրուցակիցն է տիկնիկագործ Էլմիրա Նավասարդյանը։

- Ինչպե՞ս ստացվեց, որ էլմիրան դարձավ տիկնիկագործ: 

- Հագուստի մոդելավորողի մասնագիտությունը նպաստեց, որպեսզի տարիների բացթողումը լրացնեմ տիկնիկների միջոցով։ Տարիներ առաջ հագուստի արտադրամասի գլխավոր մոդելավորող էի, ավելացած փոքրիկ կտորներից մանկական հագուստներ էի ստեղծում, երևի ենթագիտակցաբար, դա էլ նպաստեց, որպեսզի տարիներ հետո այդ գաղափարն օգտագործեմ տիկնիկներ ստեղծելու մեջ։ Հագուստների հավաքածուները, որոնք ստեղծում էի տարիներ առաջ, նոր շունչ առան և բեմին ներկայանալու փոխարեն, փոքրացան և հայտնվեցին տիկնիկների վրա։ Իսկ տիկնիկների բնավորությունը, դեմքի արտահայտությունը, էմոցիաները իմ էմոցիաներն էին, որոնք ինչ որ կերպ պետք է արտահայտվեին։ 



- Կպատմե՞ք ձեր առաջին տիկնիկի մասին։ 

- Դեռ ինստիտուտում, պատրաստել էի արջուկ, որը մանուշակագույն  էր, այն գործվածքից էր, տարիներ հետո՝ արտադրամասում աշխատելիս, մի շատ մեծ նապաստակ պատրաստեցի, երևի երկու մետր կլիներ, բոլոր կարի մասնագետների կտորների ավելցուկները լցրեցի այդ մեծ բարի նապաստակի մեջ, ցավոք այն շատ մեծ տեղ էր զբաղեցնում, սակայն մի օր եկա աշխատանքի և չգտա իմ սիրելի նապասատկին, նրան գցել էին։ Միգուցե հենց դա առիթ հանդիսացավ, որպեսզի տարիներ անց ստեղծագործեմ և լրացնեմ այն ինչ տարիներ առաջ կիսատ թողեցի։ Ենթագիտակցությանս մեջ մնացել էր այդ առաջին ստեղծագործությունս։ Տարիների ընթացքում մոռացության մատնեցի տիկնիկ ստեղծելու գաղափարը, թերևս այն ժամանակ դա դեռ գաղափար չէր հասցրել դառնալ, պարզապես ստեղծագործել էի և արտահայտել այն ինչ տարիներ անց գաղափար և աշխատանք պետք է դառնար։ 

- Ի՞նչ նյութեր եք օգտագործում տիկնիկներ պատրաստելիս: 

- Տիկնիկ պատրաստելիս հիմնականում օգտագործում եմ կտոր, սենդիպոն, որպեսզի փափուկ լինի և էկոլոգիապես մաքուր երեխաների խաղալու համար։ Ստեղծագործել եմ նաև կավով, ճենապակյա տիկնիկներ եմ պատրաստել, որոնք ավելի սյուրռեալիստական ոճի մեջ էին և մեր հասարակության մեջ դեռ դժվար ընկալվող։ Հասկանալով, որ դեռ պետք է կատարելագործեմ այդ ոճի տիկնիկները (նյութի բաղադրությունը ճիշտ ստանալ է պետք), ժամանակավորապես դադարել եմ նման տիկնիկներ ստեղծելը, բայց դեռ կվերադառնամ նրանց։ 



- Որքա՞ն ժամանակ է տևում տիկնիկ պատրաստելը։ 

- Տիկնիկ պատրաստելու ընթացքը կախված է իմ տրամադրվածությունից և գրաֆիկի ծանրաբեռնվածությունից։ Եթե ժամանակի խնդիր չկա և ես պատրաստում եմ այս տիկնիկին, որին անհամբերությամբ ցանկանում եմ տեսնել, կարող եմ մեկ օրում պատրաստել, հիմնականում սիրում եմ գիշերը ստեղծագործել, իսկ պատվերի դեպքում, ավելի մանրակրկիտ եմ աշխատում, որպեսզի հնարավորինս կատարյալ լինի, բայց ես սիրում եմ ազատ ստեղծագործել, ստեղծել այն, ինչ ինքս եմ ցանկանում։ 

- Տիկնիկ պատրաստելը որքանո՞վ կապ ունի տրամադրության հետ։

- Այն սերտ կապ ունի տրամադրության հետ, որովհետև երբ հասնում ես դեմքը նկարելու գործընթացին, դիմագծերն արտահայտում են այն, ինչ դու զգում ես այդ պահին, ինչպես ասում են՝ ինքդ քեզնից փախչել չես կարող ։ 



- Ներշնչվո՞ւմ եք արդյոք մուլտֆիլմերից։ Կա՞ն հերոսներ, որոնց կերպարով ստեղծում եք տիկնիկներ։ 

- Մուլտֆիլմ դիտել շատ եմ սիրում, մի տեսակ բարիանում ես, մանկանում... Տիկնիկագործության դասընթացների ժամանակ երեխաների հետ հաճախ ենք պատրաստում մուլտֆիլմի հերոսների կերպարներ, կարծում եմ կարելի է այդ երևույթը զարգացնել, դրական ու հետաքրքիր կերպար ստեղծելը նաև կրթում է երեխային։ 

- Ձեր տիկնիկները հեքիաթայի՞ն են։ 

- Կարծում եմ որոշ տիկնիկներ հեքիաթային են, երևի թե դա գալիս է նաև անհատից, յուրաքանչյուրը յուրովի է ընկալում տիկնիկը և նրա բնավորությունը։ 



- Տիկնիկագործի համար իր տիկնիկները կենդանի՞ են։ 

- Այո, իմ տիկնիկներն իրականում իրական են, նրանք հոգի ունեն, ապրում և զգում են աշխարհն իրենց ձևով, ընկալում են այն յուրովի։ Նրանք իմ սենյակի և աշխատասենյակի մշտական բնակիչներն են և միշտ սպասում են ինձ... Ես զրուցում եմ նրանց հետ և նրանք լսում և հասկանում են ինձ, ճիշտ խորհուրդներ տալիս, միգուցե նրանք հենց ես եմ տարբեր կերպարանքներով։ 

- Ըստ Ձեզ ո ՞րն է տիկնիկագործության դերը մեր հասարակության մեջ։ 

- Գիտեք, տիկնիկ պատրաստելիս մի ամբողջ աշխարհ ես ներդնում աշխատանքիդ մեջ, ասես նոր մարդ ես ստեղծում, և նա կարող է իր էներգիայով ազդել մարդկանց վրա և հիանալի է, երբ այդ էներգիան դրական է և օգնում է մարդկանց ժպտալ, աշխարհն ավելի բարի դարձնել։

Տիկնիկագործությունը նաև ճաշակ է ձևավորում անհատի մոտ, զարգացնում մոդելավորողի հմտությունները, նպաստում նախագծման կատարելագործմանը։ 



- Ի՞նչ կմաղթեք սկսնակ տիկնիկագործներին։ 

- Սկսնակ տիկնիկագործներին խորհուրդ կտամ, որպեսզի շատ մեծ սեր ներդնեն իրենց աշխատանքի մեջ, նայեն իրենց աշխատանքին նախ և առաջ որպես արվեստի, հետո նոր միայն մտածեն այն իրացնելու մասին, որովհետև, երբ ստեղծագործելիս գերիշխում է երկրորդ տարբերակը, տիկնիկը հոգի չի ունենում։ Պետք է դեռ ստեղծագործելու ընթացքում սիրես տիկնիկին, խոսես նրա հետ, հոգի դնես իր մարմնում։ Ինչպես երեխան է ամիսների ընթացքում զարգանում և ի վերջո ծնվում, էնպես էլ տիկնիկը պետք է անցնի բոլոր փուլերով, որպեսզի ծնվի և ունենա իր անհատականությունը։ Տիկնիկագործը պետք է իր ձեռագիրն ունենա, բայց միևնույն ժամանակ տիկնիկները պետք է տարբերվեն իրարից, որպեսզի չհոգնեցնեն։ Բոլոր ստեղծագործ տիկնիկագործներին մաղթում եմ մշտապես ստեղծագործելու անհագ ցանկություն, որպեսզի ծնվեն նորանոր տիկնիկներ և ջերմացնեն մարդկանց սրտերը։