Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-04-2019
Զատիկը այս տարի կնշվի ապրիլի 21-ին
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը այս տարի կնշվի ապրիլի 21-ին: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոնը: 

Զատկին մարդիկ ձու են ներկում, որը համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ձվի կեղևը խորհրդանշում է  երկինքը, թաղանթը՝ օդը, սպիտակուցը՝ ջուրը իսկ դեղնուցը համարվում է երկիրը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը:

Ապրիլի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, մեկնարկվեց «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը

Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո ստացան Նավասարդ Սրբազանի օրհնությունը և ուղևորվեցին Հանրապետության հրապարակ` մարդկանց փոխանցելով Սուրբ Հարության Ավետիսը։

«Հարության Ավետիս» քայլերթին մասնակցում էին ՀՄԸՄ ՀԱՍԿ սկաուտական և տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, հայաստանյան բուհերի ուսանողներ և ուսանողական միությունների անդամներ, զինվորներ, ԱԻՆ աշխատակիցներ և ճրագալույցի կրակ տուն տանող մարդիկ։ 

Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կազմեցին`  ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

Պատկերասրահ՝ Ճրագալույցի Ս. Պատարագ - 20.04.2019