Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-04-2019
Սուրբ Զատիկին նախընթաց` եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ է
48-օրա պահքից հետո այսօր` ապրիլի 20-ին, քրիստոնյաները մասնակցում են Սուրբ Զատիկի Տոնին նախընթաց եկեղեցիներում մատուցվող Ճրագալույցի պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանալով, դուրս գալիս պահքից ու սկսում զատկական տոնախմբությունները:

Հավաքվել ծիսական սեղանի շուրջ, ձվակռիվներ, հանրային պարեր ու խաղեր:

Սակայն տարիների ընթացքում մարդիկ, կատարելով այն ինչ ընդունված է հասարակության մեջ, երբեմն մոռանում են տոնի հոգևոր խորհուրդը, պահքը վերածելով դիետայի, զատիկը՝ ճոխ և գունավոր տոնախմբության:

Մեզ հետ զրույցում Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշեց, որ երիտասարդները հաճախ չեն իմանանում պահքի հոգևոր խորհուրդը և այն վերածում են առողջ սննդակարգի և դիետայի արարողության. «Հաճախ են ինձ մոտենում և հարցնում հոգևոր խորհրդի մասին, ես նրանց բացատրում եմ պահքի նշանակությունը»:

Տեր Շահե քահանա Հայրապետյանը հավելեց, որ հավկիթները գունավոր ներկելն էլ տոնի բուն խորհրդին չի համապատասխանում.«Հավկիթները պետք է միայն կարմիր ներկել, որը խորհրդանշում է մարդկության փրկության համար Հիսուս Քրիստոսի թափած արյունը»:

Զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված. զատիկ բառի հիմնական նշանակությունն է: Այն նաև նշանակում է անցում չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:

Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է ավետարանի հայերեն թարգմանությունում` որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք:

Հին հայերը Զատիկը համարել են անշարժ տոն: Այն համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ:

Հին հայերն այդ օրը սկսել են իրենց գարնանային վարուցանքը: Ի հիշատակ դրախտի Կենաց ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում «Կենաց ծառ» զարդարել, կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր դնել, որոնք հավաքել են այգին էտելու ժամանակ: Այդ ճյուղերի վրա կախել են զարդարված հավկիթներ:

Զատկի տոնին մարդիկ երկար են նախապատրաստվել` մատաղի համար միջոցներ են հավաքել, յոթ բաղարջ թխել, հրաժարվել պարերից, հարսանյաց հանդեսներից: