Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 20-04-2019
Ի՞նչ են խորհրդանշում Սուրբ Զատկի սեղանի ուտեստները
Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի նշվում է ապրիլի 21-ին:

Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը: Ավանդույթի համաձայն` այդ երեկոն տարբերվում է մյուս երեկոներից, քանի որ ընտանիքի անդամները հավաքվում են մի սեղանի շուրջ և նշում Զատկի տոնը: Տան տիկինները պատրաստում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, տապակած կանաչեղեն: Եվ իհարկե սեղանից անպակաս է լինում հայկական գինին: Զատկի սեղանի ուտեստներից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: 

Ձու

Զատկի ձվերն ըստ ավանդույթի կարմիր են ներկում: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվել է Քրիստոսի արյամբ: Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է, որ  ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը` օդը, իսկ կեղևը` երկինքը: 



Ձուկ
Գուցե քչերը գիտեն, սակայն ձկան մեջքի վրա կա խաչաձև ոսկրային հատված: Հունարեն ձուկ` ԻԽՏՈՒՍ  (IXΘΥΣ): Բառի սկզբնատառերը բացվում են այսպես. 
I-Іησουç–Հիսուս
χ-χριστοç–Քրիստոս
θ-θεου–Աստծո
Υ-υιοç–Որդի
Σ- Σωτηρ – Փրկիչ

Ձկան անվան տակ գաղտնի հասկանում էին Հիսուս: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին։


 
Բրձով և չամիչով փլավ

Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին:: Չամիչը ճշմարիտ կյանքով ապրող քրիստոնյաներն են, ովքեր համ ու հոտ են տալիս իրենց շրջապատին, այդ պարագայում բրնձին՝ քաղցրացնելով վերջինիս համը:



Գինի

Միակ ալկոհոլային խմիչքը, որը դրվում է Զատկի սեղանին` կարմիր գինին է, որը Հիսուս Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա է իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար»՝ որպես խորհրդանիշ վերցնելով գինին: 



Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի...