Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-04-2019
Ինքնատիպ համերգ՝ ինքնատիպ արտիստների մասնակցությամբ. Gate of Frequency
Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը կրող երեկոն, որի ընթացքում հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախումբը և 5th Season խումբը:

Բացառիկ ձևաչափ ունեցող ինքնատիպ այս համերգին Կամերային նվագախումբը հանդես եկավ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, իսկ 5th Season խմբի կազմում հանդես էին գալիս ճանաչված ու սիրված երաժիշտներ, «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթո Թունչբոյաջյանը (հարվածային և վոկալ), ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սամ Սարյանը (ձայնային էֆեկտներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս/Ռուսաստան):

Համերգային երեկոյին, որի ծրագիրն անակնկալ էր բոլորի համար, հնչեցին Արթո Թունչբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները, ինքնատիպ իմպրովիզներ: Համերգը նոր ստեղծագործությունների, փորձարական ինքնատիպ ձևաչափի հետաքրքիր ու ստացված համադրություն էր:

ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը փաստում է՝ նման փորձարկում որևէ մեկը չէր արել: Դաշնակահարը հավելում է, որ տպավորված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և  դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համագործակցությունից, երկար և համբերատար աշխատել են՝ ստանալու այս ինքնատիպ արդյունքը: 

Պատկերասրահ՝ Gate of Frequency խորագրով երեկոն