Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդից
Տեղադրվել է 19-04-2019
Բերդ համայնքը կունենա երիտասարդական քաղաքականության ռազմավարություն
«Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի ձևավորում և երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակում» ծրագրի շրջանակում Բերդ համայնքում գործելու է համայնքապետին կից երիտասարդական խորհուրդ:

Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունների և այլ թեմաների շուրջ է Eritasard.am-ի զրույցը  ծրագրի պատասխանատու, Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ, համայնքապետարանի ներկայացուցիչ Մհեր Պապյանի հետ է:



- Ե՞րբ և ու՞մ նախաձեռնությամբ է մեկնարկել «Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի ձևավորում և երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակում» ծրագիրը: 

- Համայնքի խոշորացումից հետո մեր տարածաշրջանում երիտասարդական կյանքն աշխուժացնելու, երիտասարդներին համախմբելու ուղղությամբ մշտապես քննարկումներ են ծավալվել Բերդի համայնքապետի մասնակցությամբ:

2018թ-ին  «Save the Children» կազմակերպության կողմից  հրավեր ստացանք՝ մասնակցելու «Երիտասարդական աշխատողների հմտությունների բարելավում»  դասընթացաշարին, և որպես համայնքապետարանի ներկայացուցիչ մասնակցեցի ես: Դասընթացներն իրականացվել են  2018թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, և հենց այդ  ընթացքում էլ ծնվեց «Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի ձևավորում և երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակում» ծրագիրը կազմելու գաղափարը: Ծրագրի պատասխանատուն ես եմ, այն կազմել ենք «Երիտասարդ Շամշադին» նախաձեռնության ներկայացուցիչ Դիանա Հայրապետյանի հետ համատեղ: 



Ամենամեծ աջակցությունը ստացել ենք Բերդի համայնքապետարանից, որը մեր հիմնական գործընկերն է: Մեր գործընկերներն են նաև  «Save the Children»  կազմակերպությունը և « OxYGen» հիմնադրամը: Ծրագրի գործողությունների փուլում մեզ է միացել  «Բերդ մշակույթի կենտրոն» ՀԿ-ն:  

-Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու համայնքապետին կից երիտասարդական խորհուրդը: Որո՞նք են առաջնահերթությունները: 

-Ծրագրի առաջին մասով նախատեսված  է ձևավորել Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհուրդ: Ամենակարևոր շեշտադրումներից մեկն այն էր, որ  խորհրդի կազմում պետք է  ընգրկված լինեին ներկայացուցիչներ Բերդ համայնքի բոլոր բնակավայրերից: Որպեսզի մեր ծրագիրն առավել հասանելի դառնար երիտասարդների համար, այցելել ենք բոլոր բնակավայրեր և տեղում քննարկումներ իրականացրել: Քննարկումների շարքը տևել է շուրջ 2 ամիս, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ 320 երիտասարդ: 



Խորհրդի կազմում ընդգրկվել ցանկացող  երիտասարդների թիվն, ի դեպ, բավականին մեծ էր. ստացել ենք ավելի քան 120 դիմում-հայտ: Որպեսզի կարողանանք առանց որևէ խտրականության ընտրել խորհրդի կազմը, բոլորին հրավիրել ենք Բերդ, կրկին քննարկումներ կազմակերպել: Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր բնակավայրից դիմում-հայտ ներկայացրած բոլոր երիտասարդներն ընտրել են իրենց բնակավայրից միայն մեկ ներկայացուցչի, և այդպես ձևավորվել է երիտասարդական խորհուրդը: 

Խորհուրդն ինքնակառավարվող մարմին է: Կառավարումն իրականցվում է համայնքապետից անկախ, սակայն, ըստ կանոնադրության, համայնքապետը կարող է  այն ցրել: Խորհրդի  հիմնական գործառույթը երիտասարդական ծրագրերի մշակումն ու ներկայացումն է  համայնքապետին: Կարող է մասնակցել համայնքում ռազմավարությունների մշակմանը, ավագանու քննարկումներին և այլն:  



-Ծրագրի երկրորդ մասով նախատեսվում է երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակում: Ի՞նչ անելիքներ կան այդ ուղղությամբ: 

- Այո, երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակումը նորաստեղծ խորհրդի առաջին քայլն է: Նախքան ռազմավարության մշակումը մենք կարքիների վերհանման հարցաթերթիկ ենք պատրաստել: Այն 8 էջանոց ծավալուն հարցաշար է: Բոլոր բնակավայրերում երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ մենք առաջակել ենք լրացնել դրանք, և այս պահին ունենք 320 լրացված հարցաթերթիկ: Կատարվում է գնահատում, վերլուծություն, և այդ ամենն ամփոփելուց հետո մենք կմշակենք ռազմավարությունը, այնուհետև կներկայացնենք համայքնապետին ու ավագանուն: Այն ընդունելու դեպքում Բերդ համայնքը կունենա  երիտասարդական քաղաքականության ռազավարություն, ինչն աննախադեպ է: 



Պետք է նշեմ, որ մենք զգում ենք համայնքապետարանի՝ երիտասարդական ծրագրերին աջացկելու պատրաստակամությունը: 

Առաջին ծրագիրը, որ ցանկանում ենք իրականացնել, ամենամյա համայնքային երիտասարդական փառատոնի կազմակերպումն է: Այն նախատեսում ենք  իրականցնել ամռանը, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսին: