Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 19-04-2019
Նոր նախաձեռնություն՝ երիտասարդ կատարողները ՀԱՖՆ-ի հետ մեկ բեմում
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսել է նոր համերգաշար, որի նպատակն է տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտների քարոզչությունը։

Ծրագրի երկորդ  համերգային երեկոն վստահված էր  Դիանա Ադամյանին և մենակատար Լիպարիտ Ավետիսյանին։ Ծրագրում հնչեցին Պրոկոֆև՝ Ջութակի կոնցերտ թիվ 2։

«Երիտասարդ արտիստների համերգաշարը» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «ԵրազԱրտ» /YerazArt/ ծրագրի նախաձեռնությունն է, որի ղեկավարը ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն է:

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի մարտի 10-ին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, 14-ամյա դաշնակահար Եվա Գևորգյանի համերգով. ներկայացրել է Ֆ. Շոպենի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը: 

Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը մեզ հետ զրույցում կարևորց նախաձեռնությունները, որոնք առհասարակ միտված են երիտասարդ եւ տաղանդավոր երիտասարդների  բացահայտմանը։ «Անշուշտ առաջին անգամ չէ, որ մենք պարբերաբար անդրադարձել ենք նման երիտասարդներին, սակայն այս անգամ որոշեցինք որոշակի կանոնակարգել, դնել նշանաբանի տակ»։

Դիանա Ադամյանը հեղինակավոր Յեհուդի Մենուհինի պատանի ջութակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է: Այս մրցույթը նաև անվանում են «Ջութակահարների օլիմպիադա»: Մրցույթի 35 տարվա պատմության մեջ Դիանան երկրորդ հայ ջութակահարն է, ով արժանացել է առաջին մրցանակի: Դիանա Ադամյանը նվագում է Նիկոլա Գալիանոյի կերտած 18-րդ դարի ջութակով՝ Քրիստոֆ Լանդոնի հավաքածուից. «Ազգային ֆիլհարմոնիկն իմ կյանքում  առանձնահատուկ դեր ունի, քանի որ գերագույն հաճույք է նվագել  ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց  Դիանան։

Խոսելով ծրագրի մասին՝ հարկ է նշել, որ այն շարունակական համերգների շարք է, որտեղ տաղանդավոր երիտասարդ կատարողներին հնարավորություն է ընձեռվում մեծակտավ ստեղծագործություններով հանդես գալ ՀԱՖՆ-ի հետ: 

Ի դեպ, ամռանը կկայանա «Երիտասարդ արտիստների համերգաշարի» երրորդ համերգը, որի ժամանակ կկատարվեն «Սայաթ Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի դափնեկիրների ստեղծագործությունները: Մրցույթն ունի տասներեք տարվա հարուստ պատմություն և անցկացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ: