Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հասմիկ Գյոզալյանի
Տեղադրվել է 15-12-2018
«Hello, Adam!». նոր պատմվածքներ՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանին
Դեկտեմբերի 14-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ գրող, բանաստեղծ Սամվել Բիշարյանի «Hello, Adam!» («Ողջո՜ւյն, Ադա՛մ») պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

Կրտսեր ընթերցողի համար նախատեսված պատմվածքների անգլերեն ժողովածուն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Ապրիլյան պատերազմից հետո ես շրջում էի գրախանութներում եւ չգտա կրտսեր ընթերցողի համար նախատեսված գեղարվեստական որեւէ գիրք՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: Ես հեղինակել եմ նաեւ պոեմ եւ բանաստեղծություններ, սակայն վճռեցի ստեղծել պատմվածքների ժողովածու: Ադամը... Չգիտեմ, երեւի Ադամի ժպիտն էր, որ ինձ գրավեց: Այդ ժպիտի մեջ ուժ գտա: Համացանցով ծանոթացա Ադամի մոր՝ տիկին Գայանեի հետ։ Նա պատմեց, թե ինչպիսին էր իր որդին մինչպատերազմյան տարիներին: Ինչպես մայրն էր նկարագրում՝ բարձրահասակ, լայնաթիկունք, բաց շագանակագույն մազերով, դարչնագույն աչքերով, գեղեցիկ ժպիտով տղային բոլորն էին սիրում, հիանում նրանով»,- Eritasard.am-ի հետ զրույցում ժողովածուի ստեղծման նախապատմությունն այսպես ներկայացրեց հեղինակը: 

Գիրքը բաղկացած է 11 պատմվածքներից, որոնցից 7-ը նվիրված են Ադամին: Դրանցից 2-ում ներկայացված է Ադամի կյանքը  նախքան պատերազմը, եւ նա գործող կերպար է: 5 պատմվածքներում գործող կերպարներն այլ են, սակայն նրանք մեծարում են հերոսին: Ժողովածուում տեղ գտած մյուս 4 պատմվածքները եւս գրված են հայրենասիրական թեմայով: 



Գիրքը նաեւ ուսուցողական նպատակ ունի: Ինչպես Սամվել Բիշարյանը տեղեկացրեց, այն անգլերենով է գրված, որպեսզի ընթերցվի ավելի լայն շրջանակների կողմից. «Գրքում տեղ են գտել հատուկ՝ հարց ու պատասխանի բաժին, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան զարգացնելու անգլերենի իմացությունը, լեզվամտածողությունը, ինչպես նաեւ բառարան»:  

Հեղինակը նաեւ պարզաբանեց, թե ինչու է ժողովածուն վերնագրել «Hello, Adam!». «Պատմվածքներից մեկի հերոսը՝ փոքրիկ Ադամը, լսում է Ադամ Սահակյանի անունը, հետաքրքրվում, թե ով է նա: Հարազատները պատմում են հերոսի մասին եւ խոստանում տանել նրա տուն: Ես այդ պատմվածքին ֆանտաստիկ երանգներ եմ հաղորդել. ըստ սյուժեի՝ փոքրիկ Ադամը երազում տեսնում է հերոսին: Իսկ երբ տանում են նրանց տուն, նկարը տեսնելով՝ ողջունում է Ադամին»: 

Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, իր երախտագիտությունը հայտնեց Սամվել Բիշարյանին եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը՝ որդուն նվիրված ժողովածուն կյանքի կոչելու համար. «Դուք ասացիք, որ ֆանտաստիկ երանգներ եք հաղորդել՝ ներկայացնելով, որ երեխան երազում տեսել է Ադամին: Հավատացե՛ք՝ այդպիսին է նաեւ իրականությունը: Բազմաթիվ մարդիկ տեսնում են Ադամին երազում եւ ամեն օր նամակներ են գրում ինձ: Որդիս ոգեշնչում է շատերին: Վերջերս մենք Արցախում էինք, աշակերտները բազմաթիվ նամակներ են հանձնել մեզ, ես տրցակով նամակներ եմ բերել տուն. դրանք այնքան հուզումնալից են... Ադամի կերպարի մեջ ամբողջացած են բոլոր տղաները, որոնք նահատակվել են հանուն հայրենիքի: Նրանք սրբացած հերոսներ են»:  
Ժողովածուի խմբագիր Հասմիկ Բաբայանն էլ հավելեց, որ ամբողջ աշխատանքի ընթացքում Ադամի ժպիտն ուղեկցել է իրեն. «Որպես առաջին ընթերցող եւ խմբագիր՝ ծանր  տպավորություններ եմ ունեցել, եւ հիմա ինձ թվում է՝ ես իրականում տեսել եմ Ադամին, ճանաչել, խոսել հետը: Այդ լուսավոր, պայծառ, հրաշալի տղան եւ մյուս զոհված տղաներն իրենց սխրանքով կատարյալ օրինակ են շատերի համար»: 



Նշենք, որ «Hello, Adam!» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը կազմակերպվել էր  մանուկների եւ պատանիների համար իրականացվող գրքերի շնորհանդես-տոնավաճառի շրջանակում, որը նախաձեռնել էին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:  

Ցուցահանդես-տոնավաճառը նվիրված էր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին: