Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 11-12-2018
Ընդունվում են ծրագիր-մրցախաղին մասնակցության հայտեր
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է երիտասարդների շրջանում թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման ծրագիր-մրցախաղի մասնակցության հայտերի ընդունում:

Երիտասարդների խոցելիության նվազման եւ մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղ:

Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ նախատեղեկատվական եւ մրցակցային, որին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի ուսանողները: 

Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ, որոնք կվարեն թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի փորձագետներ, որոնք անհրաժեշտ տեղեկատվություն կփոխանցեն եւ կուղղորդեն խաղի մասնակիցներին հարցերի ճիշտ պատասխանները գտնելու հարցում։

Ծրագրի երկրորդ՝ մրցակցային փուլում կձեւավորվեն 3 հոգուց բաղկացած 5 թիմեր, որոնք իրենց գիտելիքներով կմրցեն ինտերակտիվ համակարգչային Brain Ring մրցախաղում: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների:

Դասընթացների եւ խաղի անցկացումը բաց է եւ հասանելի բոլոր ցանկացողների համար: Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղմամբ՝ https://docs.google.com

Ծրագրի մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 14-ը:

Ծրագրի նախատեղեկատվական փուլը ԷՕՆ-ում (Տերյան 3) տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, իսկ մրցակցային փուլը՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին։