Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-11-2018
«Նաիրյան»-ները Կոմիտասի երաժշտությունը հասանելի են դարձնում բոլորին
«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015 թվականին Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: 5 երիտասարդ երաժիշտներ միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ. ներկայացնել կոմիտասյան երաժշտությունը, ազգային դասական երգարվեստը, նպաստել դրա հանրաճանաչելիությանը, ինչպես նաեւ իրենց ուղին հարթել դեպի մեծ բեմեր:
Անսամբլը երգում է բազմաձայն, ակապելլա ստեղծագործություններ, ունի կատարումներ, որ նվագակցում են կլարնետով, դափով եւ երաժշտական այլ գործիքներով, որոնք կատարում են հենց իրենք՝ աղջիկները։ Անսամբլը նաեւ հաճախ ելույթ է ունենում տարբեր հանրային վայրերում, իրականացնում ֆլեշմոբեր, որոնց հիմնական նպատակն է կոմիտասյան եւ հայ ավանդական երաժշտության հանրաճանաչ դարձնելը։ Խումբը կազմված է հինգ աղջիկներից՝ Նաիրա Մուղդուսյան, Ելենա Ազարյան, Սրբուհի Մանուկյան, Աննա Մինասյան եւ Դիանա Այվազյան: Կվինտետի կատարումների մեծ մասը ակապելլա է:

Անսամբլն ունեցել է 7 մենահամերգ, տասնյակ ելույթներ տարբեր միջոցառումների շրջանակներում, մասնակցել է միջազգային փառատոների, այդ թվում՝ «Արտֆեստ» (Լավագույն երաժշտախումբ), «ԳլոբալԱրտ» (Գրան պրի մրցանակ), «ԳլոբալՖեստ» (Առաջին մրցանակ), «Վերածնունդ» (Առաջին մրցանակ) եւ այլն։ 

Մեր զրուցակիցն է «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը։

- Ինչո՞ւ «Նաիրյան»։
 
- Երկար փնտրում էինք՝ ինչ դնել մեր անսամբլի անունը, եւ, ինչպես ասում են, անունն ինքը մեզ գտավ։ Մեր առաջին բեմելն էր, երգում էինք Չարենցի տուն-թանգարանում՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիմքով Տ. Մանսուրյանի ստեղծագործությունը։ Ելույթից հետո մեզ մոտեցավ Գոհար Չարենցը եւ մեզ անվանեց «Նաիրյաններ»։ Մեզ դուր եկավ։ 

- Ի՞նչ մոտեցումներ ու գաղափարներ ունի անսամբլը։

- Մենք համարում ենք, որ այս երաժշտությունը պետք է հասանելի լինի բոլորին։ Սկզբում երգում էինք միայն ազգային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ հիմնական շեշտը դնելով ակապելլա, բազմաձայն ստեղծագործությունների վրա, այժմ, սակայն, երգում ենք տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ անդրադառնալով թե՛ ժամանակակից, թե՛ արտասահմանյան հեղինակներին, երբեմն էլ ինքներս ենք բազմաձայնում հայտնի, սիրված երգերը եւ փորձում դրանք ներկայացնել նորովի։ Այդուհանդերձ հիմնական շեշտադրումն ազգային դասական երաժշտությունն է։ Բոլորովին վերջերս անսամբլը սկսել է սովորել ժեստերի լեզուն՝ նպատակ ունենալով ժեստերի լեզվով թարգմանել մեր ազգային դասական երգերը։ 
 
- Ի՞նչ ճանապարհներով եք լսելի դարձնում Ձեր ձայնը։  

- Մենք հաճախ դուրս ենք գալիս փողոց եւ սկսում երգել, գնում ենք հանրային վայրեր, օրինակ՝ երեւանյան մետրո եւ սկսում երգել, երգում ենք քաղաքային տրանսպորտում, զուգահեռաբար դուրս ենք գալիս համերգների, նույնիսկ կազմակերպում ենք համերգներ մեզ համար չնախատեսված վայրերում, ասենք, փաբերում, փորձում ենք ակտիվ լինել ինտերնետային տիրույթում․ սրանք են մեր գործիքները։

-  Ի սկզբանե ինչպե՞ս ընդունվեց Ձեր անսամբլը հանդիսատեսի կողմից։ 
 
- Դասական երաժշտությունն այսօր հանդիսատես ձեւավորելու մեծ խնդիր ունի։ Մենք էլ, ցավոք, առնչվում ենք այդ խնդրին, բայց պետք է նշեմ, որ կամաց-կամաց մեր հանդիսատեսի շարքերն ավելանում են։ Դա մեզ ուրախացնում է, ուրեմն կարող ենք իրավիճակ փոխել։
 
- Անսամբլը սովորում է նաեւ ժեստերի լեզուն եւ պատրաստվում է համերգի։ Մի փոքր կբացե՞ք փակագծերը...

- «Նաիրյան» վոկալ անսամբլը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ 2018 թ. սեպտեմբերի 1-ից սկսել է քառամսյա ծրագիր, որը նախատեսում է ժեստերի լեզվով թարգմանել հայ դասական ժողովրդական երգերը։ Ծրագրի ավարտին անսամբլը կներկայանա «Ես լսում եմ քեզ» ներառական մենահամերգով, որը դեկտեմբերի 14-ին կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նախատեսում ենք ներկայանալ նաեւ ֆլեշմոբերով՝ ուղղված իրազեկվածության բարձրացմանն ու լսողության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելուն:

- Այսօր հասարակությանը մատուցվող անճաշակ երաժշտության ֆոնի վրա, ի՞նչ եք կարծում, կհաղթի՞ արդյոք մերը՝ ազգայինը...

- Կարծում եմ՝ այո՛, մենք պարզապես պետք է ճաշակով, որակյալ երաժշտություն հրամցնենք մեր հանդիսատեսին եւ կրթենք դեռ օրորում քնող մանկիկին։

- Նման երաժշտական կոլեկտիվները հույս են ներշնչում, որ հասարակությունը կվերադառնա իր ակունքներին ու կսիրի լսել  ու գնահատել հատկապես Կոմիտասի ստեղծագործությունները։ Կարծում եմ՝ մենք այդ ճանապարհին ենք... Իսկ Ձեր կարծիքո՞վ...

- Այո՛, շատերն են այսօր անդրադառնում Կոմիտասի ստեղծագործությանը, ուրախալի է, բայց պետք է զգույշ լինել՝ չկորցնելու Կոմիտաս վարդապետի երաժշտական լեզուն ու մտածողությունը։ Դրա վտանգը նույնպես կա։ Ես հավատում եմ, որ ճիշտ քարոզչության միջոցով կարողանալու ենք գտնել ճիշտ ճանապարհը եւ դուրս ենք մղելու արաբա-թուրքական մելիզմներով, կիսագրագետ հայերենով, ոչինչ չասող երաժշտարվեստը։

-  Այսօր ազգայինը ճանաչելի դարձնելու համար ի՞նչ է անհրաժեշտ, եւ ի՞նչ ճանապարհներ պետք է փնտրել։

- Ազգային դասականը ճանաչելու համար պետական մտածողություն է պետք, դուրս մղել է պետք մեր եթերներից անճաշակ, անորակ երաժշտությունը, մեզ նման խմբերին աջակցել է պետք, նման կոլեկտիվներ ձեւավորել եւ հարթակ տրամադրել է պետք, մեր ազգային ինքնագիտակցությունը բարձրացնել է պետք ու ինքներս մեզ ճանաչել է պետք։