Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Սարգսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 30-10-2018
Գայանե Սարգսյան. «Մենք պետք է անենք առավելագույնը՝ մեր երկիրը զարգացնելու համար»
Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» շարքում շարունակում ենք ներկայացնել այն երիտասարդներին, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում հաջողությունների են հասել, ինչպես նաեւ առանձնանում են իրենց բազմակողմանի զարգացվածությամբ: Այս անգամ խորագրի շրջանակում զրուցել ենք 24-ամյա բժշկուհի Գայանե Սարգսյանի հետ:
Մասնագիտության հստակ ընտրություն եւ այլընտրանքային մասնագիտություններ…
 
Իրականում փոքր հասակից մտածել եմ հենց բժիշկ դառնալու մասին ու բոլոր հարցնողներին հստակ պատասխանում էի. «Պետք է դառնամ բժշկուհի»: Սակայն, երբ հասավ այն պահը, որ պետք է բարձրագույն կրթություն ստանամ, երկու մասնագիտությունների շուրջ սկսեցի տատանվել: Ծնողներս ֆիզիկոսներ են: Ես եւս սիրում էի ֆիզիկան, եւ կար պահ, երբ ուզում էի ֆիզիկոս դառնալ, սակայն, ի վերջո, որոշեցի ընտրել բժշկի մասնագիտությունը: Կարելի է ասել՝ մանկության ցանկությունները որոշեցի իրականություն դարձնել:  Ընդունվեցի Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Այն ավարտելուց հետո՝ այժմ, կրթությունս շարունակում եմ Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ:  

Մասնագիտության ազդեցությունն ու ուժը…
 
Կարող եմ վստահորեն ասել, որ չեմ զղջացել երբեք, որ այս ուղին ընտրեցի: Սովորելու տարիներին հասկացա, թե որքան կարեւոր մասնագիտություն եմ ընտրել եւ թե որքան եմ փոխվել: Այո՛, ես ընթացքում գիտակցում էի, որ կարող էի առավել հեշտ ուղի ընտրել, չնայած յուրաքանչյուր մասնագիտություն իր բարդությունն ու կարեւորությունն ունի, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ բժշկի մասնագիտությունը լրիվ այլ հարթություն ունի: Անքուն գիշերներ շատ եմ ունեցել, որովհետեւ գիտակցել եմ, որ անգամ մեկ բառը կարեւոր է սովորելու համար: Ես գիտակցում էի եւ գիտակցում եմ, որ միշտ պետք է սովորել, կանգ չառնել, որովհետեւ աշխարհը զարգանում է, եւ բժիշկը պետք է մշտապես մրցունակ լինի, իսկ ամենակարեւորը՝ գիտակցի, որ սխալվել գրեթե չի կարող: 
 

 
Հասարակական աշխատանք, փորձի ձեռքբերում…
 
Երբ 15 տարեկան էի, «Feed the Children» ծրագրի շրջանակում Հայաստան էին եկել  բժիշկներ՝ մարզերում բուժօգնություն ցուցաբերելու համար: Յուրաքանչյուր բժշկի կցված էր մեկ թարգմանիչ, եւ նրանցից մեկը ես էի: Կարող եմ ասել, որ դա մեծ փորձ էր ինձ համար, քանի որ սկսեցի ավելի շատ սիրել բժշկի մասնագիտությունը, խորությամբ եւ գիտակցաբար հասկանալ կարեւորությունը: 

«Global Youth Summit»-ին մասնակցելն ու կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը…
 
2011 թ.-ին դիմեցի Բրիտանական խորհրդի ծրագրերից մեկին՝ «Global Changemakers»-ին: Այնպես ստացվեց, որ Հայաստանից 3 հոգի ընտրվեցին. նրանցից մեկը ես էի: Մեկնեցի Լոնդոն՝ մասնակցելու  «Global Youth Summit»-ին: Այն շատ մեծ ծրագիր էր, որին մասնակցում էին 47 երկրների 60 երիտասարդներ, ովքեր իրենց երկրներում որոշակի ներդրում են ունեցել համայնքը փոխելու գործում կամ պարզապես ուզում էին աշխարհը փոխել: Կարող եմ ասել, որ իմ լոնդոնյան այցն ու այդ ծրագրին մասնակցելը նոր ուղենիշ էին իմ կյանքում, քանի որ կյանքս որոշակի փոխվեց: Այն, ինչ ես սովորեցի Լոնդոնում, այն հմտությունները, որոնք ձեռք բերեցի, իմ առջեւ նոր հնարավորություններ բացեցին: Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ է երջանկությունը, իմ մտքին գալիս է հենց այդ օրը, երբ ստացա  նամակ, որ դարձել եմ «Global Changemakers» մեծ ընտանիքի անդամ:  Այդ ծրագրի շնորհիվ ես հասկացա, որ եթե մարդ ունի երազանք, ապա այն պետք է դարձնի նպատակ եւ շատ աշխատի, որպեսզի հասնի դրան: Միայն երազելն ու ցանկանալը քիչ են:


 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի երիտասարդական ֆորումին մասնակցելը…
 
Ֆրանսիայում կայացած այդ ֆորումին իմ մասնակցությունը եւս շատ կարեւոր դեր խաղաց իմ կյանքում: Դա մի հարթակ էր, որտեղ քննարկվում էին երիտասարդական քաղաքականության կարեւոր հարցերը, երիտասարդական խնդիրները, անցկացվում էին դեբատներ եւ քննարկումներ համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություւնների ներկայացուցիչների հետ: Դա այն հարթակն է, որտեղ երիտասարդների ձայնը լսելի է, որտեղ որոշումներ կայացնում են բացառապես երիտասարդները: Կարծում եմ, որ երիտասարդներն ապագան չեն, այլ ներկան: Դեսպանների, մասնագետների հետ հանդիպումները պարզապես աննկարագրելի են: Այդպիսի մարդկանց հետ շփումը քեզ հնարավորություն է տալիս ավելիին ձգտելու: Բոլոր մասնակիցների հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք, մշտապես կապի մեջ ենք մինչ այսօր:  

Միջազգային կապերի հանձնաժողով, Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի հայաստանյան ներկայացուցչության ազգային փոխանակումների պատասխանատու, միջազգային որակավորման  թրեյներ…
 
Սա ինձ համար նոր հարթակ էր միջազգային փորձս արդեն իմ մասնագիտական ոլորտում կիրառելու առումով: Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան ամենամեծ ուսանողական կառույցն է  բշժկական ոլորտում, որն արդեն 67 տարեկան է: Այս կառույցին անդամակցում է 125 երկիր: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու այս կառույցի հայաստանյան թիմում: Այստեղ ձեռք բերած փորձը եւ հմտություններն անգնահատելի են: Ավելի կարեւոր է, որ հենց այս կառույցում ես հանդիպեցի իսկապես միջազգային բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների, ովքեր հետագայում իմ լավ ընկերները դարձան:  Մենք իրականացնում էինք փոխանակման ծրագրեր. Հայաստան էին գալիս տարբեր երկրներից ուսանողներ, ինչպես նաեւ Հայաստանից էին մեկնում: Տարիների ընթացքում մեր հայ ուսանողները՝ մոտ 500 հոգի, մասնագիտական պրակտիկա են անցել աշխարհի լավագույն հիվանդանոցներում: 

Ինձ համար կարեւոր ձեռքբերում կարող եմ համարել ասոցիացիայի կողմից միջազգային թրեյների որակավորում ստանալը: Այս անգամ եւս մեծ մրցակցություն էր: 120 երկրների ներկայացուցիչներից միայն 11-ին հաջողվեց ստանալ այդ որակավորումը. ես նրանցից մեկն էի:  Հիմա մեր այդ փոքրիկ՝ 11 հոգանոց թիմն իհարկե մեծացել է:


 
Առաջին սեմինարը՝ որպես թրեյներ…

Առաջին փորձս եղել է Լոնդոնից վերադառնալուց հետո: Հայաստանում Բրիտանական խորհրդի օժանդակությամբ իրականացնում էինք ծրագիր՝ «Երիտասարդների սոցիալական ձեռներեցության մասին», որտեղ սովորեցնում էինք, թե ինչպես պետք է երազանքը դարձնել իրականություն: Այսինքն՝ թե ինչպես ստեղծել ծրագիր, ճիշտ օգտագործել ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները, ինչպես կառավարել եւ հասնել վերջնական ու ցանկալի արդյունքի: 

Հետագայում մարզերում մի շարք կազմակերպությունների հետ սկսեցինք իրականացնել մի շարք առողջապահական ծրագրեր՝ առողջ ապրելակերպի, վերարտադրողական առողջության, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի, մի շարք հիվանդությունների կանխարգելման մասին: Հենց հիմա աշխատում եմ հակածխախոտային քարոզարշավի, գրիպի պատվաստման իրազեկման ծրագրերի աշխատանքային խմբերում:
 
Տարիներ անց նորից ԵՊԲՀ լավագույն ամբիոններից մեկում արդեն ոչ որպես ուսանող, այլ…
 
Գիտե՞ք, բոլորս ունենում ենք փոքրիկ երազանքներ եւ ցանկություններ, որոնք նույնիսկ ինքներս մեզ չենք խոստովանում:  Սակայն երբեմն դրանք էլ են իրականություն դառնում: Այդպիսի երազանքների շարքին է պատկանում իմ վերադարձը ԵՊԲՀ նորմալ  անատոմիայի ամբիոն՝ արդեն ոչ որպես ուսանող: Երջանկություն է աշխատել քո նախկին դասախոսների հետ, ովքեր կարեւոր դեր են խաղացել քո մասնագիտության ընտրության, մարդկային արժեքների ձեւավորման գործում, ովքեր եղել են դասախոսի եւ մասնագետի իդեալ: Սա նոր ու չափազանց պատասխանատու փորձ է ինձ համար:



Ապագան՝ միայն Հայաստանում…

 
Ես իմ ապագան միանշանակ Հայաստանում եմ տեսնում: Այո՛, միջազգային փորձ ու գիտելիք ձեռք ենք բերում դրսում, սակայն միշտ ուզում ես վերադառնալ: Այն բազային գիտելիքները, որոնք ստացել եմ, հենց Հայաստանում եմ ստացել, եւ հենց մեր երկրում ստացած գիտելիքների շնորհիվ եմ կարողացել մեկնել արտերկիր՝ առավել զարգանալու: Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը, անկախ մասնագիտությունից, պետք է անի առավելագույնը՝ մեր երկիրը զարգացնելու եւ ավելի մրցունակ դարձնելու համար: 
 
Այլ հետաքրքրություններ…

Ունեմ երաժշտական կրթություն, կարողանում եմ ջութակ եւ դաշնամուր նվագել: Իհարկե, հիմա շատ հազվադեպ եմ նվագում: Գնացել եմ նկարչության եւ պարի: Շատ հետաքրքրվում եմ արվեստի պատմությամբ եւ հայկական մանրանկարչությամբ: Սիրում եմ գրքեր կարդալ, սակայն ժանրային բաժանում չեմ կարող տալ: 



Հաջողության գրավականը…

Աշխատասիրությունը, մեծ սերն այն ամենի նկատմամբ, ինչ անում եմ,  ընտանիքիս աջակցությունը, իմ շատ լավ ընկերները: Երբ սիրում ես այն, ինչով զբաղվում ես, բոլոր մարտահրավերները դառնում են նոր հնարավորություններ, իսկ դժվարություններն այլեւս չեն վախեցնում: