Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-10-2018
Տոն՝ սուրճի եւ թեյի սիրահարների համար. մեկնարկել է Սուրճի եւ թեյի ամենամյա փառատոնը
Հոկտեմբերի 19-ին «Պրոմ Էքսպո» եւ «Ազդ» ընկերությունների նախաձեռնությամբ մայրաքաղաքում արդեն 2-րդ անգամ մեկնարկեց Սուրճի եւ թեյի ամենամյա երկօրյա փառատոնը, որի շրջանակում կազմակերպվել է սուրճի տեսակների, հայաստանյան դեղաբույսերից պատրաստված թեյի, քաղցրավենիքի, չրերի ցուցահանդես-վաճառք:

«Ինչպես հայտնի է, մեր երկրում փառատոների շարքն օրեցօր ընդլայնվում է: Հաշվի առնելով այն փաստը, որ հայերը թեյի եւ հատկապես սուրճի սիրահար են, մեր գործընկերոջ՝ «Ազդ» ընկերության հետ նախաձեռնեցինք այս փառատոնը»,- Eritasard.am-ին պատմեց «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Զաքարյանը:

Միջազգային փորձը հաշվի առնելով՝ նախաձեռնության հեղինակները նախորդ տարի փառատոնի շրջանակում բարիստաների առաջնություն են իրականացրել՝ միջազգային մրցավարների օգնությամբ: Այս անգամ եւս միջազգային մրցավարը կգնահատի մրցույթի մասնակիցներին՝ հաշվի առնելով պատրաստվող սուրճի համը, արտաքին տեսքը, պատրաստման արագությունն ու հմտությունները: 

Ինչպես նշեց Արման Զաքարյանը, մրցույթից բացի՝ կազմակերպվելու են խաղարկություններ, մաստեր-կլաս՝ Ռուսաստանից ժամանած մասնագետի կողմից: 

Փառատոնի անցկացումն ուղեկցվելու է շոու ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունենալու ազգային ու էստրադային խմբեր, ինչպես նաեւ DJ: 

Սիրիահայ Ծիլա Թանգուկյանը «Coffee inn» խանութի տնօրենն է: Փառատոնին մասնակցում է առաջին անգամ. «Երկար տարիներ աշխատել եմ սուրճի գործարանում, ապա որոշեցինք մեր բրենդը ստեղծել եւ մեր խանութն ունենալ: Այսօր ներկայացրել ենք սուրճերի այն տեսակները, որոնք առավել հետաքրքիր են եւ սիրված  են հաճախորդների կողմից: Այսօր նաեւ հյուրասիրում ենք մեր տաղավարի այցելուներին:  Ներկայացնում ենք նաեւ թեյերի հետաքրքիր հավաքածուներ՝ նախատեսված նվերի համար»: 

«Հալեպ» խանութների ցանցի պատասխանատու Ալին Մասրելյանը նշեց, որ բարձր տրամադրությամբ են մասնակցում փառատոնին՝ ներկայացնելով խմորեղեն եւ միջինարեւելյան քաղցրավենիք:  

«Չրենի» ընկերությունը չրերի հարուստ տեսականու վաճառքը սկսել է այս տարվա սկզբից: Բաժնետերերից պարսկահայ Արին Դավթյանը նշեց, որ «Չրենի»-ի արտադրանքը տարբերվում է շուկայում. «Մեզ համար չափազանց կարեւոր է արտադրանքի որակը: Որպես օրինակ՝ նշեմ, որ 20 կգ լոլիկից ստանում ենք 1 կգ չիր՝ բացառապես ջրազրկելու միջոցով»: 

Հայկական չրերը դեռ չեն արտահանվում, սակայն արդեն աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ: 

Ներկայացված էր նաեւ «Յակոբս» սուրճը: Տաղավարի այցելուները համտեսում էին «Յակոբս» սեւ սուրճը, որը մեկ տարի է, ինչ ներկրվում է Հայաստան: 

Փառատոնի շրջանակում առաջին անգամ իր արտադրանքն է ներկայացրել հայկական թեյեր արտադրող  նորաստեղծ «Marytale» ընկերությունը: Հիմնադիրներից Մերի Եղիազարյանը պատմեց. «Մեր թեյերի հումքը հավաքված է Արագածոտնի մարզից: Ներկայացնում ենք 8 տեսակի թեյ՝ աղջկա հայկական անուններով: Ունենք նաեւ Ապարանի սարերից հավաքված  հապալասի պտուղներից եւ տերեւենրից պատրաստված թեյ, որը նորույթ է հայկական շուկայում: Այսօր մեր թեյերն առաջին անգամ ենք ներկայացնում հանրությանը»:

Զրուցեցինք նաեւ «Բարի մամա» ՀԿ-ի event manager Արմինե  Բալայանի հետ. ««Բարի մամա» բարեգործական ՀԿ-ն զբաղվում է մանկատան հաշմանդամ սաների խնդիրներով:  Տարբեր ակցիաներ ենք իրականացնում, որոնց ընթացքում հավաքված հասույթն ուղղվում է վերականգնողական կենտրոնի կառուցմանը: Այսօր հերթական ակցիան է: Վաճառում ենք Տավուշի մարզում մեր կողմից հավաքված խոտաբույսերը:  Վաճառքից գոյացած ողջ գումարը կծառայի նույն նպատակին»: 

Պատկերասրահ՝ Սուրճի եւ թեյի փառատոն - 2018