Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-09-2018
«Սոսե» 5-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը՝ «Հայրենիք» կինոթատրոնում
Մեկնարկեց «Սոսե» միջազգային կինոփառատոնը։ Արդեն 5-րդ տարին է, ինչ «Սոսե» կինոփառատոնը համախմբում է կինոգործիչներին եւ ընդհանրապես կինոյի սիրահարներին։
Փառատոնի մեկնարկը տրվեց երբեմնի հայտնի «Հայրենիք» կինոթատրոնում, որտեղ շատ վաղուց ֆիլմ չէր ցուցադրվել։ Շուրջ երկու ամիս` ամեն կիրակի, «Հայրենիք» կինոթատրոնում կլինեն կինոցուցադրություններ։
 
Կինոփառատոնը բացվեց ռեժիսոր Մարատ Վարժապետյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ֆիլմի ցուցադրությամբ, որը 1979 թվականին նկարահանվել է Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործության հիման վրա։ Ցուցադրությանը ներկա էր ֆիլմի օպերատոր Աշոտ Մովսիսյանը, ով նաեւ ընդգրկված է ժյուրիի կազմում։ 

Փառատոնի կազմակերպիչները պարզաբանեցին, որ ընտրել են հենց այդ ֆիլմը, քանի որ այս տարի Վիլյամ Սարոյանի 110-ամյակն է։

Կինոփառատոնի նպատակն է հիշեցնել մոռացված ու լքված կինոթատրոնների մասին։ «Սոսեն» մտադիր է ֆիլմեր ցուցադրել Եղեգնաձորի «Արագիլ» եւ Դիլիջանի չգործող կինոթատրոններում։ Դա լավ հնարավորություն է կինոթատրոններին նոր կյանք եւ կինոարտադրությանը նոր շունչ հաղորդելու համար։

Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով եւ կարեւորեց մարզերում ֆիլմի ցուցադրության նախաձեռնությունը. «Այս տարվա «Սոսե» փառատոնի ծրագրում ես կարեւորում եմ ցուցադրության համար ընտրված վայրերը եւ համարում եմ, որ սա մարզերում մշակութային կյանքի ակտիվացման կարեւոր քայլ է»:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կցուցադրվեն տասնյակ խաղարկային լիամետրաժ, խաղարկային կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր աշխարհի բազմաթիվ երկրներից։

Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրին մասնակցում է 14 ֆիլմ, խաղարկային կարճամետրաժին`63 ֆիլմ, վավերագրականին՝ 20 ֆիլմ։

Կնոջ մասին պատմող ֆիլմերը ներկայացվում են «Բովանդակությունը` կին» թեմատիկ մրցութային ծրագրում, շուրջ` 27 ֆիլմ։ Շարունակվելու է նաեւ «Ուսանողական» մրցութային ծրագիրը` 48 ֆիլմ։

«Սոսե» միջազգային կինոփառատոնին մասնակցելու են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իրանը, Ռուսաստանը, Իտալիան, Շվեյցարիան, Գերմանիան, Չինաստանը եւ այլ երկրներ։

«Սոսե» 5-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: