Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-09-2018
Հայտնի են «Թվապատում-2018»-ի մրցանակակիրները
Սեպտեմբերի 28-ին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն» ամփոփեց «Թվապատում-2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները: Այս տարի «Թվապատում»-ը ստացել էր 126 լրագրողական պատմություն` 38 լրատվամիջոցից:
Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու եւ թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները: 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Նունե Սարգսյանը փաստեց, որ չնայած մեդիայում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն կան շատ լավ լրագրողներ, ովքեր մատուցում են բարձրակարգ լրագրություն. «Ես կարծում են, որ մենք կհասնենք նրան, որ հասարակությանը ներկայացնենք պրոֆեսիոնալ լրագրություն»:
 
«Թվապատում 2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի ժյուրիները մեդիադաշտի փորձառու  մասնագետներ էին. մեդիա փորձագետ, դասախոս Մեսրոպ Հարությունյանը, Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, գրող, հրապարակախոս, վավերագրական ֆիլմերի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը եւ մեդիա փորձագետ Մանանա Ասլամազյանը: Ինչպես նաեւ, ավանդույթի համաձայն, ժյուրիի կազմում էր նախորդ մրցույթի «Գործող անձը»՝ Daphne.am նախագծի «Բռնությունից ազատ բիզնես լեդի» պատմության հերոս Հասմիկ Խաչատրյանը: 
 
Սահմանված 5 անվանակարգերում մրցանակների արժանացածներին ներկայացնում ենք ստորեւ.
«Ստատուս. Մարդու իրավունքներ» անվանակարգ - Հանրային հեռուստաընկերության լրագրող Սուսան Բադալյան («Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները պաշտպանված չեն» տեսանյութի համար)
«Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգ - Անի Հովհաննիսյան եւ Նարեկ Ալեքսանյան (Hetq.am-ում հրապարակված «Կոմունալ վճարներ. ինչպես են տաքանում Երեւանում» պատմության համար)
«Դիտակ հետաքննական լրագրություն» անվանակարգ - Hetq.am-ի լրագրող Գրիշա Բալասանյան (Չվարակազերծված ջուր, անբարեկարգ ջրամատակարարման համակարգ. 10 մարզերի խմելու ջրի վիճակը» նյութի համար)
«Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում» - Ampop.am կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը («Կուտակային կենսաթոշակ. ապահովելով սեփական ծերությունը» նյութի համար): Այս անվանակարգում մրցանակի արժանացան նաեւ Ուրբանիստա կայքի ներկայացուցիչներ Հասմիկ Դիլանյանը եւ Անահիտ Մինասյանը («Բացակա քաղաքացիները՝ ավագանու բաց նիստերին» պատմության համար)
«Գործող անձ (Homo Agendi)» անվանակարգ - Արեն Մելիքյան եւ հերոս Սիփան Ասատրյան («EVNreport» նախագծի «Լսել Երեւանը» պատմության համար)
 
Հիմնական անվանակարգերից բացի՝ սահմանվել էին նաեւ ժյուրիի հատուկ եւ խրախուսական մրցանակներ: Դրանք այն պատմություններն էին, որոնք տպավորիչ են եղել եւ առանձնացել լրագրողական բարձր որակով եւ ներկայացված թեմայի կարեւորությամբ: 

Նշենք, որ «Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»: Միջոցառմանն աջակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ «Յուքոմ» ընկերությունը:

Պատկերասրահ՝ Թվապատում - 2018