Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-09-2018
Ռեկորդագիր գաթան այլեւս իրողություն է
Կարապի լճի մոտ ներկայացվել էր աշխարհի ամենամեծ գաթան, որն 2018 թ.-ի սեպտեմբերի 28-ին գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Ռեկորդակիր գաթայի երկարությունը 60 մետր էր, լայնությունը` 37 սանտիմետր, իսկ քաշը՝ 368,6 կգ։
Միջոցառման սկզբում ներկայացավ «Guinnes World Records Limited» պաշտոնական մրցավար, միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը եւ, շնորհավորելով աշխարհի ամենամեծ գաթան պատրաստելու առթիվ, հայտարարեց, որ ռեկորդն արդեն պաշտոնապես գրանցված է Գինեսի գրքում. ««Երեմյան փրոջեքթսն» իսկապես հրաշալի աշխատանք է կատարել, ինչի առթիվ շնորհավորում եմ. դուք պաշտոնապես հայտնվեցիք Գինեսի ռեկորդների գրքում։ Շնորհակալություն ինձ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երեւան հրավիրելու համար»:

Հատուկ բաղադրատոմսով գաթան պատրաստվել էր «Երեմյան փրոջեքթս»-ի հրուշակագործների թիմի կողմից. ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանի ղեկավարությամբ աշխատել են 4 մասնագետներ։

«Աշխարհի ամենամեծ գաթան» թխվել էր նորովի ներկայացված հայկական բաղադրատոմսով եւ «Guinnes World Records» ընկերության բոլոր կանոններին համապատասխան ընթացակարգով: Գաթայի պատրաստման համար պահանջվել է 1 օր` 24 ժամ, իսկ ահա նախապատրաստական աշխատանքները տեւել են 10 օր:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը,  ով շնորհավորեց ռեկորդի գրանցման առթիվ եւ շնորհակալություն հայտնեց «Երեմյան փրոջեքթս»-ի թիմին՝ Երեւանն այդչափ սիրելու եւ իրենց գործունեությամբ ամեն օր այդ սերն ապացուցելու համար:

Պատկերասրահ՝ Աշխարհի ամենամեծ գաթան Երեւանում