Նյութը՝ Մանե Մադոյանի
Լուսանկարները՝ Մանե Մադոյանի
Տեղադրվել է 28-09-2018
«Փոխհամագործակցության հուշագիրը կաջակցի ԵՊԼՀ շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը». Արման Ուդումյան
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ու Զբաղվածության պետական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանն այսօր Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում էին։
Այցելությունը ոչ միայն ճանաչողական էր, այլեւ գործնական․ համալսարանի ռեկտորն ու փոխնախարարն այսօր երկու կառույցների միջեւ համագործակցության հուշագիր ստորագրեցին։ 

Հուշագրի համաձայն՝ երկու կառույցները պատրաստակամություն են հայտնում համատեղել ջանքերը մասնագետների վերապատրաստման եւ որակավորման բարձրացման դասընթացների մշակման, իրականացման գործում, իսկ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակում համագործակցությունը դարձնել առավել ակտիվ ու առարկայական։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել համալսարանի կարիերայի կենտրոնի գործունեությանը, համատեղ մշակել ու իրականացնել ուսանողների եւ շրջանավարտների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրեր ու միջոցառումներ։

«Ուրախ եմ, որ նախկինում բարի կամքի վրա հիմնված մեր հարաբերություններն այսուհետ նոր ձեւ ու բովանդակություն կստանան։ Լիահույս եմ՝ առաջիկայում մեր կառույցների միջեւ համագործակցությունն ավելի արդյունավետ, ավելի ակտիվ ու առարկայական կդառնա»,- նշեց ԵՊԼՀ  ռեկտոր Կարինե Հարությունյանը: 

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից առաջ համալսարանի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ողջունեց նաեւ ոլորտը համակարգող փոխնախարար Արման Ուդումյանը. «Սիրելի՛ ուսանողներ, ամենադժվար գործը գործ գտնելն է։ Աշխատաշուկայում քո տեղը գտնելու համար այսօր ակադեմիական գիտելիքներից ոչ պակաս կարեւոր են, այսպես կոչված, «փափուկ» հմտությունները (soft skills): Դրանք ձեռք բերելու համար եղե՛ք պրոակտիվ․ ներգրավվե՛ք որպես կամավոր տարբեր ծրագրերում եւ վստա՛հ եղեք, որ ձեր  ապագա գործատուն անպայման կգնահատի այդ հմտությունները․ ի վերջո, կամավորական աշխատանքը նաեւ հաստատում է, որ դուք ձեր ապագան կապում եք համապատասխան ոլորտի հետ»։ 

Կողմերը հույս հայտնեցին, որ ստորագրության ֆորմալ գործընթացից հետո կարճ ժամանակում կքննարկվեն համագործակցության զարգացման հնարավորություններն ու կհստակեցվեն համատեղ ծրագրերի շրջանակն ու ժամանակացույցը: